կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-09 18:07
Քաղաքական

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում բարձրացվել է Ղարաբաղի հարցը. Կորյուն Նահապետյան

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում բարձրացվել է Ղարաբաղի հարցը. Կորյուն Նահապետյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ մայիսի 28-30-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած` ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքների արդյունքներին: Նա նշեց, որ նստաշրջանի աշխատանքներն անցել են բուռն մթնոլորտում: Քննարկման թեմաների շրջանակը վերաբերել է միջազգային անվտանգության տարբեր հիմնախնդիրների, տարբեր մարտահրավերների:

Մինչ խորհրդաժողովը սկսելը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարը նամակով դիմել էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներին, որ ԼՂՀ հակամարտության հարցը քննարկման առարկա դառնա վեհաժողովի ընթացքում: Նահապետյանը նշեց, որ իրենք մտահգիչ են համարել, որ նամակում նշվել էր, թե խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև է: Բացի այդ` խնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

«Մեր պատվիրակությունը նշել էր, որ նպատակահարմար չի համարում հարցի քննարկումը, քանի որ կա միակ գործող արդյունավետ համաձայնեցված ձևաչափ՝ Մինսկի խմբի եռանախագահությունը, և մնացած բոլոր հարթակներում խնդիրը հատուկ քննարկման առարկա դարձնելը չի բխում հակամարտության կարգավորման արդյունավետությունից: Ադրբեջանի պատվիրակությունը ընդառաջ էր գնացել և համաձայնել հարցի քննարկմանը»,- ասաց նա:

Սակայն նիստը նախագահող` ՆԱՏՕ-ի ԽՎ քաղաքական հանձնաժողովի նախագահ Բոյարս Կալնինշը հայտարարեց, որ հայկական և ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարներին հնարավորություն է տալու հանդես գալ համապատասխան հայտարարությամբ` մինչև 5 րոպեի սահմաններում:

Կորյուն Նահապետյանի խոսքով` Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ և նշել է, թե իբր Հայաստանը տարածքներ է օկուպացրել, ապրիլյան պատերազմն է սանձազերծել և այլն, նաև` թե միջուկային զենքի ունի Հայաստանը:

Հայկական կողմը հակադարձել է և բացատրել, թե ով է իրականում սանձազերծել պատերազմը։ Ներկայացվել են նաև Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավական նորմերի խախտումները, վայրագությունները, խոշտանգումները խաղաղ բնակիչների հանդեպ, հիշատակվել է Ռամիլ Սաֆարովի ոճիրը, նավթի եկամուտներով ձեռք բերված սպառազինության մասին է խոսվել:

«Մենք ներկայացրել ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991 թվականին ճանաչել է իր անկախությունը, և ոչ մի պատճառ չի ունեցել նախահարձակ լինելու: Մենք վերահստատել ենք մեր կամքը` Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն ուզում պատերազմ»,- ասաց Կորյուն Նահապետյանը: