Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնի շրջանակներում կայացավ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասները»՝ Արցախին նվիրված ֆիլմի հայաստանյան պրեմիերան։ Ցուցադրությունն ընթացավ առանց ֆիլմի ռեժիսորի, քանի որ այս պահին նա Արցախում է՝ հասկանալի պատճառներով։
Ռազմական լրագրող Ռոբերտը, որին խղճի խայթը հանգիստ չի տալիս տարիներ առաջ գործած նողկալի արարքի համար, բռնում է ապաշխարության ճանապարհը դեպի «Դրախտի դարպասը»: Ջիվան Ավետիսյանի՝ համանուն վերնագրով՝ Արցախի մասին ֆիլմի գլխավոր հերոսը եվրոպացի լուսանկարիչ-լրագրող է, որը 2016 թվականի Քառօրյա պատերազմի մասին լուրը լսելուն պես վերադառնում է Արցախ` լուսաբանելու 22 տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը: Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆյա Մարտիի հետ, որի կերպարը ֆիլմում մարմնավորել է Տատյանա Սպիվակովան: Ռոբերտի եւ Սոֆյայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆյան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, որին 1992 թվականին` Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում` գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա` մարտի դաշտում արված լուսանկարները:
Ի դեպ, ֆիլմը ներկայացված էր Մոսկվայի միջազգային կինոփառատոնի արտամրցութային պաշտոնական ծրագրում, սակայն սեպտեմբերի 27-ին Արցախում վերսկսված 2-րդ պատերազմի հենց առաջինը օրը հանձնաժողովը հրաժարվեց ցուցադրել այն։
«Ռազմական գործողությունների սրման ֆոնին որոշվեց Մոսկվայում Արցախի շուրջ հայերի և ադրբեջանցիների բախումներից խուսափելու համար հրաժարվել ֆիլմի ցուցադրությունից՝ չնայած, որ կինոնկարը լավն էր»,- համենայն դեպս, այսպես էր ֆիլմի ցուցադրման չեղարկումը պատճառաբանել փառատոնի ծրագրային տնօրեն Կիրիլ Ռազլոգովը:
Ինչևէ, գրեթե մեկ տարի առաջ՝ մինչ միջազգային կինոփառատոների մեծ էկրաններ բարձրանալը, ֆիլմի փակ ցուցադրություններ տեղի ունեցան Հայաստանում և Արցախում։
Ֆիլմում ռազմական ֆոտոլրագրողի` Ռոբերտ Ստերնվալի դերում հանդես է եկել գերմանացի հայտնի դերասան Ռիխարդ Զամելը, որը խաղացել է մոտ հարյուր ֆիլմում, այդ թվում` Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները», Ռոբերտ Բենինիի «Կյանքը հիասքանչ է», Լյուկ Բեսոնի «Տաքսի» եւ հանրահայտ այլ ֆիլմերում:
«Մեզնից ոչ ոք չգիտեր Արցախի մասին, ես՝ նույնպես, շատ անորոշ եւ աղոտ գիտեի հայ-ադրբեջանական հակամարտության մասին: Երբ կարդացի ֆիլմի սցենարը, իմ առաջին քայլը եղավ Արցախը բացահայտելը»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ռիխարդ Զամելը։
«Համացանցում պեղած տեղեկատվությունից հեշտությամբ պատկերացում կազմեցի հայ-ադրբեջանական հակամարտության մասին, ինչն ինձ վստահություն տվեց եւ հեշտացրեց իմ գործը, որպեսզի կարողանայի կերտել իմ կերպարը,- ասաց գերմանացի դերասանն ու առանձնահատուկ անդրադարձավ արցախցիներին ու մշակույթին․ «Ինձ զարմացրեց Արցախի բնակիչների պահվածքը, նրանք այնքան աջակցող էին: Արցախում ինձ համար բացահայտեցի տեղի մշակույթը, հակամարտությունը, Հայաստանի պատմությունը եւ, ընդհանրապես, շատ բաներ եմ բացահատել»։
Ֆիլմում նկարահանվելու համար դերասանը բախվել է ադրբեջանական ագրեսիային, սակայն, ի հեճուկս նրանց, ավելի հաճույքով է նկարահանվել ֆիլմում: «Ճիշտն ասած՝ ես միակը չեմ, լիտվացի պրոդյուսերի եւ դերակատարի վրա նույնպես կար ճնշում Ադրբեջանի կողմից, որպեսզի մենք այս դերակատարությունը չստանձնեինք, ընդհանրապես մասնակցություն չունենայինք այս ֆիլմին։ Լսել եմ, որ մյուս դերակատարները եւս առճակատվել են այդ ճնշմանը»,- ժպիտով մտաբերեց գերմանացի դերասանն ու ասաց. «Կա Հայաստան-Ադրբեջան հակամարտություն, որի մասին պետք է պատմել ֆիլմի տեսքով, եւ ես ուզում եմ մասնակցություն ունենալ այդ՝ պատմելու գործընթացին: Որպես օտարերկրացի՝ ինձ համար, կարծես, անհրաժեշտություն է, որ աշխարհն իմանա այդ իրավիճակի մասին: Հիշում եմ՝ երբ մեր երկրի ղեկավար Անգելա Մերկելը պաշտոնական այցով եկավ Հայաստան, որից հետո գնաց Ադրբեջան, նրա հետ Հայաստան եկած պատվիրակության մի մասը գնացել էր Արցախ, նրանց արդեն Ադրբեջանը արգելել էր Ադրբեջան մտնել: Այսինքն` այստեղ փակուղի մտած իրավիճակ է: Ինչպես հասկանում եմ՝ Ռուսաստանը եւ Ֆրանսիան` որպես երրորդ երկրներ, փորձում են քննարկումների միջոցով այս հարցին լուծում տալ: Կրկնում եմ` աշխարհը պետք իմանա այդ իրավիճակի մասին, իսկ «Դրախտի դարպասը» ֆիլմը շատ գեղեցիկ ներկայացնում է այդ ամենը։ Նկարահանման ընթացքում կար այն հստակ պատկերացումը, որ շատ կարեւոր աշխատանք ենք կատարում` պատմությունը վեր հանելու համար»:
40 ամիս տեւած նկարահանումներն այնքան էլ սահուն չեն ընթացել, Ադրբեջանն ամեն կերպ փորձել է խոչընդոտել Արցախի մասին ֆիլմի նկարահանման ընթացքին։ Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր հայի համար դրախտի դարպասներն այժմ սկսվում են Արցախից. «Յուրաքանչյուրի համար գոյություն ունի դրախտ երկրի վրա, ինձ համար դրախտն Արցախն է, որտեղ ինձ զգում եմ թեւերս լայն բացած: Առհասարակ, հայության համար դրախտի դարպասներն Արցախում են` իմ տեսակետից: Գուցե որոշ մարդիկ քաղաքական ենթատեքստով ընդունեն դա, բայց եթե քրիստոնյաների համար Երուսաղեմն է, ապա հայության համար հիմա դրախտի դարպասները Արցախում են»:
Արդեն տեղեկացրել էինք, որ «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնն այս տարի ընթանում է այլ ձևաչափով։ Փառատոնի շրջանակներում բոլոր ֆիլմերը ցուցադրվում են Կինոյի տանը՝ բացառապես տոմսերով (տոմսերի արժեքը՝ 1000 դրամ), առանց հրավիրատոմսերի, և բոլոր ցուցադրություններից գոյացած հասույթն ամբողջությամբ փոխանցվում է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» «Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային դրամահավաքին: Ի դեպ, փառատոնային 4-րդ օրվա ամփոփ տվյալներով՝ հանգանակված գումարը կազմել է 1,086,000 ՀՀ դրամ։
Ներկայացրեց Լիլիթ Եղիազարյանը