կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-25 12:06
Քաղաքական

Վարչապետը համայնքներին առաջարկում է ներդնել սանիտարական տեսուչների ինստիտուտ

Վարչապետը համայնքներին առաջարկում է ներդնել սանիտարական տեսուչների ինստիտուտ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ անդրադարձավ «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին: Նա նշեց, որ տարածքային կառավարման և զարգացման նախարարը տեղեկացրել է, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի գործողությունների միջգերատեսչական հանձնաժողովի կողմից աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի վերաբերյալ ներկայացվել են մի շարք առաջարկություններ և իրականացվել են մայիսի 27-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներ:

Նա նշեց, թե ակնկալում են գործադիր մարմնի ղեկավարների և կառավարության աշխատակազմի ակտիվ մասնակցությունն ու լիարժեք աջակցությունը միջգերատեսչական աշխատանքներին:

«Այս ծրագրի մեջ մենք խիստ հետևողական ենք լինելու, և այն կրելու է շարունակական բնույթ»,- ասաց վարչապետը և նշեց, որ առաջարկում են համայնքներում աղբահանության և սանիտարական տեսուչների ինստիտուտը, նաև` մինչև տարեվերջ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ ոլորտը կարգավորելու վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոնշյալը` վարչապետը մի շարք հանձնարարականներ տվեց տարածքային կառավարման զարգացման և ֆինանսների նախարարի պաշտոնակատարներին՝ տուգանքներ սահմանելու և այլ ակտերի վերաբերյալ:

«Խոսքը ինչի մասին է` մենք համայնքներին առաջակում ենք, որ դնեն սանիտարական տեսուչների ինստիտուտ, ձևը թող իրենք մտածեն, որը հստակ խաղի կանոններ, նորմեր է սահմանում, բյուջե չի պահանջում: Բյուջեի աղբյուրները հենց այն տուգանքներն են լինելու, որոնք կիրառվելու են, որոնց մի մասը գնալու է այդ տեսուչների աշխատավարձերին, մյուս մասը` սանիտարական մաքրման գործառույթներին: Մենք անպայման այդ ինստիտուտը պետք է ներդնենք, որ որոշ քաղաքացիների բերենք համապատասխան ցիվիլ դաշտ: Ես կարծում եմ, որ տրամաբանական է, բյուջեից գումար չի պահանջում, ասում ենք՝ այ սա, սա, սա չի կարելի, եթե կատարվում է՝ վճարելու ես, և այդ տեսուչները և' կարգ ու կանոնը կբերեն, և' լրացուցիչ բեռ բյուջեի վրա չի լինի»,- ասաց վարչապետը: