կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-23 13:28
Քաղաքական

Սահմանապահ համայնքներին պետք է տրվի ամբողջական արտոնություն. Արծվիկ Մինասյան

Սահմանապահ համայնքներին պետք է տրվի ամբողջական արտոնություն. Արծվիկ Մինասյան

Խորհրդարանում արդեն երկու օր է` հրատապ կարգով քննարկվում է կառավարության ներկայացրած փաթեթը սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ շնորհելու վերաբերյալ:

 

Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունենալով` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ սահմանամերձ գյուղերին պետք է ոչ միայն հարկային արտոնություններ տալ, այլ նաեւ կոնկրետ սոցիալ-տնտեսական աջակցության սխեմաներ կիրառել:



«Օգոստոսին, երբ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները այցելել էին այդ բնակավայրեր, խնդիրները ձեւակերպել էին եւ գրությամբ ուղարկել նաեւ կառավարություն: Այսօր դրանց վերաբերյալ դեռեւս չկա պատասխան»,- ասաց պատգամավորը` հիշեցնելով, որ երբ պատգամավորներն այցելել են սահմանամերձ գյուղեր, այցի ընթացքում առաջարկություն է ներկայացվել` սահմանապահ գյուղերի դպրոցներին անվճար դասագրքերով ապահովել, կոմունալ ծախսերի հետ կապված արտոնություններ տրամադրել, երեխաների ծննդյան միանվագ նպաստը բարձրացնել: Ըստ պատգամավորի` կոնկրետ առաջարկություններ են եղել նաեւ Բերքաբեր, Այգեպար եւ այլ գյուղերի կապակցությամբ:



«Երբ մենք փորձում ենք չտարանջատել եւ ընդհանուր սահմանամերձ գյուղական համայնքներին հարկային արտոնություն տալու մասին ենք խոսում, եւ խոսքը ընդամենը 30 համայնքի մասին է, մյուս բնակավայրերի բնակիչների մոտ կարող է տարակարծություն առաջանալ: Պետք է սահմանապահ համայնքներին տրվի ամբողջական արտոնություն: Մյուս սահմանամերձ բնակավայրերի բնակիչները պետք է ըմբռնումով մոտենան, թե ինչու է առաջնահերթությունը տրված հենց կոնկրետ այդ համայնքներին»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Նա հավելեց, որ այսօր առավոտյան Չինարի գյուղից նամակ է ստացել, որ  ներքին ցանցի վերանորոգման անհրաժեշտություն կա, արդեն կա նախագիծը, և խոսքը մոտ 17-18 մլն դրամի մասին է: «Գիտեք, որ Չինարին 3 կողմից ադրբեջանական զինուժի թիրախի տակ է: Այս համայնքում անպայման պետք է նման ծրագրեր իրականացվեն»,- կարծիք հայտնեց պատգամավորը:

 

Արծվիկ Մինասյանը նաեւ նշեց, որ սահմանապահ համայնքներում կան հողատարածություններ, որոնց մասով կառավարությունը, ճիշտ է, հարկային արտոնություններ է նախատեսել, բայց, միեւնույն է, մարդիկ այդ հողատարածքները չեն կարողանում օգտագործել: Եվ քանի որ չեն կարողանում օգտագործել, եկամուտ էլ չեն կարողանում ստանալ: Արծվիկ Մինասյանն առաջարկեց հողային այդ տարածքների համար մշակել սխեմա, թե ում հողերը չեն օգտագործվում:

 

Նա առաջարկեց նաև օրենքով հստակ շարադրել, թե ինչու սահմանապահ համայնքներին պետք է տրվի ամբողջական աջակցություն, իսկ սահմանամերձ բնակավայրերին՝ նոր լուծումներ՝ արդեն հաջորդ փուլում, որպեսզի այս բնակավայրերի բնակիչների շրջանում տարակարծություններ չլինեն: Այսինքն՝ հստակ բացատրվի, որ սահմանապահ գյուղերը երեք կողմից ադրբեջանական զինուժի «վերահսկողության» տակ են: