կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-26 10:51
Տնտեսական

Ով ինչպես է «աջակցել» ցրտահարությունից տուժած համայնքներին ու տնտեսություններին

Ով ինչպես է «աջակցել» ցրտահարությունից տուժած համայնքներին ու տնտեսություններին

Այս տարվա  մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ցրտահարության եւ ձյան տեսքով առատ տեղումների հետևանքով գյուղատնտեսությանը հասցված վնասի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքներով, ըստ նախնական հաշվարկների, վնասվել էր 9185 հեկտար գյուղատնտեսական նշանակության տարածք:

 

Ընդհանուր առմամբ, վնաս կրած 287 համայնքներում տուժած գյուղացիական տնտեսությունների թիվը հասնում էր 31 հազար 716-ի, իսկ վնասի չափը, գումարային արտահայտությամբ, 11մլրդ 181 մլն դրամ է:

 

Կառավարությունում, ինչպես հիշում ենք, ցրտահարությունից տուժած համայնքներին ու տնտեսություններին աջակցություն ցուցաբերելու եւ վնասների մեղմման հարցերը լուծելու համար ստեղծվեց հանձնաժողով եւ հայտարարվեց, որ օժանդակություն կցուցաբերվի տուժած տնտեսություններին սերմացուներ, վառելանյութ, պարարտանյութեր տրամադրելու, հողի հարկն ամբողջությամբ ու ջրի վարձը կիսով չափ փոխհատուցելու, բանկերում ու վարկային կազմակերպություններում գյուղացիների ունեցած վարկային պարտավորությունների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու ծրագրերով:

 

Փորձեցինք ամբողջացնել, թե ով ինչ պետք է աներ ու ինչ է արել այս ուղղությամբ, ո՞ր փուլում են աջակցության ծրագրերին առնչվող աշխատանքները: Այսպես`  «տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկի վարձավճարները կփոխհատուցվեն 100, իսկ ջրի վարձը՝ 50 %-ով, որի համար կհատկացվի, համապատասխանաբար, 278 մլն և 487 մլն դրամ». սրանք այն թվերն էին, որ հրապարակեց գյուղատնտեսության նախարարությունը հողի հարկի եւ ջրի վարձի 50 տոկոսի փոխհատուցման ծրագրի կապակցությամբ:  Սակայն, ի պատասխան yerkir.am-ի հարցմանը, տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից  մեզ տեղեկացրեցին, որ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում 2014թ. գարնանային ցրտահարության հետեւանքով տուժած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հողի հարկի եւ հողի վարձակալության վճարների մասով աջակցություն ցուցաբերելու նպատակով կհատկացվի շուրջ 162 մլն դրամ: Նշված մարզերում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից օգտագործվող ոռոգման ջրի դիմաց 2014 թ. համար վարձավճարները 50 տոկոսով փոխհատուցելու նպատակով Ջրային տնտեսության պետական կոմիտեին կհատկացվի 375 մլն դրամ:

 

«Շահառուների ցուցակները, որոնք հաստատվել են համայնքների ավագանիների կողմից, տեղադրված են համապատասխան մարզպետարանների եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնական կայքերում»,- ասացին ՏԿՆ-ից:

 

Թե ի՞նչ մեխանիզմներով ՏԿՆ-ի օժանդակությունը պետք է հասնի ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին, մեզ պատասխանեցին' այս տարի եւս կկիրառվի աջակցության նույն մեխանիզմը, որը կիրառվել է նախորդ տարի (2013թ. Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժածների աջակացության դեպքում): Այսինքն' հողի հարկի փոխհատուցման մասով նախատեսված գումարները կփոխանցվեն համայնքային բյուջեներ, իսկ ջրի վարձավճարների 50 տոկոս փոխհատուցման գումարները կփոխանցվեն  ջրօգտագործողների ընկերություններին:

 

Ցրտահարությունից տուժած տնտեսություններին հատկացվող աջակցության ծրագրերի շրջանակներում, ինչպես հայտարարվեց կառավարության կողմից,  գյուղատնտեսության նախարարության կողմից պետք է ձեռք բերվեին նաեւ լոլիկի, վարունգի, ձմերուկի, սեխի բարձր պահանջարկ վայելող սորտերի 2166,3 կգ բարձրորակ սերմացուներ՝ շուրջ 85 մլն դրամ արժողության: Գյուղնախարարությունից նշում են, որ այդ սերմերը ձեռք են բերվել ու արդեն իսկ անհատույց տրամադրվել տուժած տնտեսություններին, որի հաշվին լրացուցիչ կկատարվի 3335 հա ցանք:  Նախարարությունից մեզ հայտնեցին նաեւ, որ գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում լրացուցիչ կազմակերպվել է լոլիկի տեղական սորտերի շուրջ 500 հազար սածիլների արտադրություն, որը  ինքնարժեքով կտրամադրվի տուժած տնտեսություններին:

 

Նշվում է նաեւ, թե ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին պարարտանյութերի և դիզելային վառելանյութերի մատակարարումը կատարվում է առանց սահմանափակումների՝ վնասված ամբողջ տարածքի հաշվով:

 

Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարությունը պետք է աշխատանքներ տաներ առևտրային բանկերի և վարկային տարբեր ընկերությունների հետ տարադրամային վարկերը դրամայինով փոխարինելու, տոկոսադրույքների մարման ժամկետները երկարաձգելու, գյուղացիական տնտեսություններին վերավարկավորելու, սուբսիդավորված վարկեր տրամադրելու և այլ ուղղություններով:

 

ԿԲ կողմից իրականացված եւ իրականացվող աշխատանքների առումով ԿԲ-ից Yerkir.am-ին հայտնեցին այն նույն տվյալները, որ մայիսի 16-ին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասել էր «Հայկական ժամանակ»-ին' արդեն 4 մլրդ դրամի նոր վարկեր  են տրամադրվել ցրտահարությունից տուժած շուրջ  3500 տնտեսությունների, եւ այդ վարկերի ծավալը պետք է հասնի 8,9 միլիարդի։ Ինչ վերաբերում է գյուղացիների' նախկինում վերցրած ու առկա վարկերի մարման ժամկետների երկարաձգմանը, ապա ԿԲ նախագահի ասածներից պարզվում է, որ նման գործընթաց, համենայն դեպս, մեր հարցնելու պահին, չկար։

 

Գ. Ավչյան