կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-20 14:52
Քաղաքական

Բոլոր ազգային փոքրամասնությունների համար Հայաստանն իրական հայրենիք է. Շարմազանով

Բոլոր ազգային փոքրամասնությունների համար Հայաստանն իրական հայրենիք է. Շարմազանով

ԱԺ Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Վարդևան Գրիգորյանին դիմելով՝ ասորական համայնքի ներկայացուցիչ, ՀՀԿ խմբակցության անդամ Արսեն Միխայլովն ասաց՝ դեմ է, որ ասորական համայնքը համայնքների խոշորացման ծրագրով միանա Բյուրեղավանին, ինչպես նախատեսվում է:

«Մենք չէինք ուզի, որ ասորական գյուղը խոշորացման ծրագրերի մեջ մտներ, որովհետև դժվարությամբ ենք կարողանում մեր ազգային լեզուն, մշակույթը պահել, պահպանել»,-ասաց Արսեն Միխայլովը: Վարդևան Գրիգորյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր հարց քննարկման է ենթակա և բարձրացված հարցն էլ քննարկումների շրջանակում է գտնվում:

«Իմ անձնական տեսանկյունն ասեմ, որ ես դեմ եմ մեխանիկական խոշորացումներին, այսինքն՝ դա պետք է ունենա լուրջ չափանիշներ՝ այդ միացումները կամ խոշորացումն իրականացնելու համար: Իհարկե, ձեր պարագայում հարկավոր է լուրջ ուսումնասիրություն անել և դրա արդյունքում համապատասխան որոշում կայացնել: Ես անձամբ պատրաստ եմ քննարկումներ իրականացնել և գտնել ոսկե միջինը»,-ասաց նա:

Նրանց խոսքին միջամտեց նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և նշեց, որ ինքն ու «Ելք» պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ, որ Ալավերդիից են ու գիտեն, որ այնտեղ թաղամաս կա, որտեղ հույներն են ապրում, և այն, որ թաղամասը մտնում է քաղաքի մեջ, բայց հույների ավանդույթներն այնտեղ պահպանվում են: «Այնտեղ, որտեղ ազգային փոքրամասնությունների իրավունքները կվտանգվեն, ես ու մյուս պատգամավորները կլինենք ասորական, քրդական, եզդիական, հունական և մեր բոլոր քաղաքացիների կողքին, բոլոր ազգային փոքրամասնությունների համար Հայաստանի Հանրապետությունն իրական հայրենիք է»,-եզրափակեց Շարմազանովը: