կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-04 22:14
Քաղաքական

ՀՀ ԱԳՆ-ում քննարկվել է ազգային փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ հինգերորդ զեկույցը

ՀՀ ԱԳՆ-ում քննարկվել է ազգային փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ հինգերորդ զեկույցը

ՀՀ ԱԳՆ-ում հուլիսի 4-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի համաձայն ներկայացվող Հայաստանի հինգերորդ զեկույցի քննարկումը՝ ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդում ներկայացված 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: 

«Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը: Իր խոսքում նա անդրադարձավ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող այն քայլերին, որոնք բխում են մարդու իրավունքներին վերաբերող միջազգային, այդ թվում` փոքրամասնություններին առնչվող հատուկ նշանակության փաստաթղթերից, այդ թվում՝ ԵԽ ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիան: Նա կարևորեց ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ապահովող ինստիտուցիոնալ համակարգը, մասնավորապես` ընդգծեց 2019թ. մայիսի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ուժի մեջ մտած Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի վերակազմավորման փաստը:

Քննարկմանը մասնակցում էր նաև Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին ԵԽ շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի՝ Հայաստանի փորձագետ Արայիկ Նավոյանը, ով ներկայացրեց Կոմիտեի աշխատանքը պետությունների կողմից զեկույցների պատրաստման և դրանց հետագա կիրարկման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչն անդրադարձավ Ազգային փոքրամասնությունների մասին ՀՀ օրենքի նախագծի մշակման հարցերին, ինչից հետո մանրամասն քննարկվեց զեկույցի նախագիծը և բանախոսները պատասխանեցին բարձրացված հարցերին: 

Հանդիպման կազմակերպմանն աջակցություն էր ցուցաբերել ԵԽ երևանյան գրասենյակը»,- նշված է հաղորդագրության մեջ: