կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-18 12:53
Հասարակություն

Ազգային փոքրամասնությունների ՀԿ-ները պետք է բավարարվեն 20 միլիոն դրամով

Ազգային փոքրամասնությունների ՀԿ-ները պետք է բավարարվեն 20 միլիոն դրամով

Կառավարության վաղվա նիստում նախատեսվում է բաշխել Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին տրամադրվող` պետական աջակցությամբ նախատեսված հատկացումները: Ըստ այդմ` ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին նախատեսված է հատկացնել ընդամենը 20 միլիոն դրամ:

 

Իրավական ակտն ընդունվում է յուրաքանչյուր տարի, որի արդյունքում ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունները ստացված գումարներն օգտագործում են ազգային ինքնության պաշտպանությանն ուղղված կազմակերպական, կրթական ու մշակութային խնդիրների լուծման նպատակով:

 

2014թ. պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին հատկացվող գումարի բաշխումը` ըստ էթնիկ համայնքների, ունի հետեւյալ տեսքը` ասորական երկու ՀԿ-ները` «Հայաստանի «Աթուռ» ասորիների ասոցիացիա»-ն ու «Ասորական«Աշուր» երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն, կստանան 409 հազարական դրամ, «Երևանի բելառուսների համայնքի «Բելառուս»» ՀԿ-ին, «Տեւտոնիա» գերմանացիների մշակութային ՀԿ-ին, «Եզդիների ազգային միությանը», «Լեհերի համագործակցության «Պոլոնիա» բարեգործական ՀԿ»-ին, «Հունական հասարակական կազմակերպությունների միություն» ՀԿ-ին, «Հայաստանի հրեական համայնք» ՀԿ-ին, «Վրացական «Իվերիա» համայնք» բարեգործական ՀԿ-ին, ««Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ-ին, «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ-ին կտրամադրվի 818 հազարական դրամ, «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն ՀԿ-ին` 820 հազար դրամ:

 

Համակարգող խորհուրդ «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» ՀԿ-ն` կստանա եւս 1 միլիոն դրամ` ընդհանուր ծախսերի, ու 10 միլիոն դրամ` ծրագրերի ֆինանսավորման նպատակներով: