կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-14 15:50
Տարածաշրջան

Թուրքիայում հայ պատգամավորը խորհրդարան է ներկայացրել ազգային փոքրամասնությունների ընտրությունների հարցը

Թուրքիայում հայ պատգամավորը խորհրդարան է ներկայացրել ազգային փոքրամասնությունների ընտրությունների հարցը

Թուրքիայում Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից հայ կին պատգամավոր Սելինա Դողանը փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունները կարգավորող կանոնակարգի հարցը ներկայացրել է թուրքական խորհրդարան. գրում է «Ակօս»-ը:

Փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունները կարգավորող կանոնակարգը չեղյալ է հայտարարվել, և արդեն երեք տարի է՝ նոր կանոնակարգ չի սահմանվել։ 

Սելինա Դողանը ընտրությունների կանոնակարգի հարցը ներկայացրել է խորհրդարան։ Հարցն ուղղված է հիմնադրամների հարցերով պատասխանատու փոխվարչապետ Յալչըն Աքդողանին։

Ընտրական կանոնակարգն անվավեր է ճանաչվել 2013թ․ հունվարի 19-ին։ Սա լուրջ խնդիրներ է առաջացնում, քանի որ նոր կանոնակարգի բացակայության պատճառով հիմնադրամները չեն կարողանում ընտրություններ իրականացնել։ Շեշտվել է, որ նոր կառավարության ծրագրում ասվում է․ «Շարունակելու ենք ձեռնարկել բոլոր իրավական և գործնական միջոցառումները, որպեսզի Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կրոնական փոքրամասնությունները ոչ մի տեսակ խտրականության չենթարկվեն»։

ԺՀԿ պատգամավոր Դողանի հնչեցրած հարցերը հետևյալն են`

1․ Փոքրամասնությունների հիմնադրամներին ընտրություններ անցկացնելու հնարավորություն ընձեռող կանոնակարգն ինչո՞ւ է չեղյալ հայտարարվել։

2․ Ընտրությունների իրականացման համար նոր կանոնակարգն ինչո՞ւ դեռ մշակված չէ։

3․ Նոր կանոնակարգի մշակման համար աշխատանքներ իրականացվո՞ւմ են։

4․ Արդյո՞ք նշված կանոնակարգը նոր կառավարական ծրագրում տեղ գտած «իրավական և գործնական միջոցառումների» շարքում է, թե՞ ոչ։

Դողանն ավելի վաղ ընտրական կանոնակարգի մասին հարցերով դիմել էր հիմնադրամների հարցով պատասխանատու` փոխվարչապետ Բյուլենթ Արընչին, ով նշել էր, որ նոր կանոնակարգի աշխատանքներն ընթացքի մեջ են: