կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-19 16:45
Հասարակություն

Բոլոր բուհերը համալսարան չեն կոչվի. Լևոն Մկրտչյանը խոսեց ևս մեկ փոփոխության մասին

Բոլոր բուհերը համալսարան չեն կոչվի. Լևոն Մկրտչյանը խոսեց ևս մեկ փոփոխության մասին

Տեղեկացրել էինք, որ մայիսի 11-ին` կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանին հանձնարարել էր մեկ շաբաթվա ընթացքում շահագրգիռ կողմերի հետ քննարկել բուհական անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման սկզբունքների և օրենսդրական նախաձեռնությունների մշակման հարցը: Վարչապետը հանձնարարել էր նաև լրամշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել «Բուհական կրթության մասին» օրենքի նախագիծը:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը նշեց, որ տարիներ առաջ բոլոր պետական բուհերն անցան ինստիտուցիոնալ հավատարմագրում, սակայն աշխարհում չկա բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրում` առանց առարկաների ինստիտուցիոնալ հավատարմագրման:

«Հիմա պետք է ժամկետ դնենք բուհի առջև, որ համալսարաններն իրենց առարկաները տանեն առանձին հավատարմագրման: Սա բարդ և մի քիչ թանկ գործընթաց է, բայց այն մեզ կօգնի հասկանալ` տվյալ բուհն իր առաքելության շրջանակո՞ւմ է ընտրում իր մասնագիտությունները, թե՞ ոչ: Օրինակ` եթե մանկավարժական բուհը «Կադաստրային գործ» բաժին ունի, այն չի կարող գոյություն ունենալ այդ բուհում, քանզի բուհի առաքելությունից դուրս է: Այսինքն` առարկաների հավատարմագրումը բուհական համակարգը կհստակեցնի»,- ասաց Մկրտչյանը:

Նա նշեց նաև, որ բարձրագույն կրթության մասին օրենքի ընդունումից հետո, որը հավանաբար աշնանն արդեն ԱԺ-ի քննարկմանը կդրվի, կսկսեն հստակեցնել համալսարանների առաքելությունները, ըստ այդմ`  բոլոր բուհերը համատարած համալսարան չեն կոչվի: «Համալսարան կկոչվի այն հաստատությունը, որը կիրականացնի կրթական ծրագրեր` առնվազն 4 կրթական ոլորտում, իսկ մնացածները կկոչվեն ինստիտուտներ և ակադեմիաներ: Սա կրթության որակի վրա շատ լրջորեն կազդի, քանի որ այսօր մեր ամենամեծ խնդիրն այն է, որ ծնողը վճարում է իր երեխայի կրթության համար, բայց այդ վճարին համապատասխան որակ չի ստանում: Դրա համար կգա անձեռնմխելի ֆոնդի ստեղծման ծրագիրը, և համալսարանները, բացի երեխայի վճարից, կսկսեն ֆինանսավորման այլ հոսքեր փնտրել»,- ասաց Մկրտչյանը: