Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության հերթական նիստում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանն օրակարգին անցնելուց առաջ անդրադարձավ հանրապետության տարածքում պարապուրդի մատնված գույքին: Վարչապետի խոսքով` կառավարության ծրագրով նախատեսված է ներդնել նոր մեխանիզմներ` խթանելու պարապուրդում գտնվող գույքի մասնակցությունը տնտեսությունում ավելացված արժեքի ստեղծման հետ կապված:
Նա ֆինանսների նախարար Արամյանից հետաքրքրվեց, թե ինչ աշխատանքներ են կատարվել այդ հանձնարարականի ուղղությամբ: Վարդան Արամյանը նշեց, որ օգտագործվել է կառավարության ծրագրի հիմքում դրված սկզբունքը, այն է` խթանիչ մեխանիզմներ ստեղծել այն գույքի համար, որը պոտենցիալ կարող է ստեղծել տնտեսության զարգացման համար, հակառակ դեպքում` ծախսատար է նման գույք պահելը:
«Մենք այդ մոտեցումները նայել ենք գույքահարկի շրջանակներում, կատարել ենք բազմաթիվ վերլուծություններ ու հաշվարկներ: Հաջորդ շաբաթ ձեզ կներկայացնենք բոլոր հաշվարկները»,- ասաց ֆինանսների նախարարը:
Վարչապետը հանձնարարեց նաև Երևանի քաղաքապետին` քննարկել հատուկ հարկային գոտի ստեղծելու մասին հարցը: Նրա խոսքով` բիզնեսը, որն աշխատում է, չպետք է լրացուցիչ բեռ ստանա, և բիզնեսը, որը չի աշխատում, պետք է գնա պրոգրեսիվ գույքահարկի ճանապարհով:
«Աշխատող բիզնեսի մոտ պրոգրեսիվ գույքահարկը ջնջվում է, չաշխատող բիզնեսի մոտ այդ բեռն առաջանում է: Երևանի կենտրոնի համար որոշակի ժամանակ պետք է տրամադրենք բիզնեսին, եթե այդ գույքը աշխատեցնելու են, ապա պրոգրեսիվ գույքահարկը չենք կիրառելու»,- ասաց Կարեն Կարապետյանը: