կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-23 17:10
Տնտեսական

Պրոգրեսիվ հարկը` թեկնածուների ծրագրերում

Պրոգրեսիվ հարկը` թեկնածուների ծրագրերում

ՀՀ նախագահի 8 թեկնածուներից միայն 5-ն այս պահին ունեն նախընտրական ծրագիր կոչվող փաստաթուղթը` Սերժ Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Անդրիաս Ղուկասյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Արման Մելիքյանը: Անդրադառնանք այդ ծրագրերում ներառված` տնտեսական բնույթի կետերից պրոգրեսիվ հարկային քաղաքականության դրույթներին` հաշվի առնելով Հայաստանում սոցիալական բեւեռացվածության մակարդակն ու բազմաթիվ փորձագետների կողմից հնչած կարծիքները, որ այն Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության վրա էական նշանակություն կարող է ունենալ:

 

Այսպես` իր նախընտրական ծրագրում Հրանտ Բագրատյանն առանձին կետով նշում է պրոգրեսիվ հարկային քաղաքականություն ներդնելու անհրաժեշտության մասին: Մասնավորապես` ասվում է. «Սոցիալական արդարության մոդելի իրականացման հիմնական գործիքակազմն են` պրոգրեսիվ հարկային քաղաքականությունը (ինչքան շատ ես վաստակում, այնքան շատ ես վճարում), գործարարության շեմը, վարկերի հասանելիությունը և պետական աջակցության մասշտաբները։ Ընդ որում` առկա է եկամուտների հարկման պրոգրեսիվ սանդղակ։ Որոշակի սահմանից սկսած` այս կամ այն գործունեության (բիզնեսի) ընդլայնումը պետք է տնտեսապես նպատակարհարմար չլինի (բացառությամբ, եթե ապրանքներն ու ծառայություններն արտահանվում են), տրոհվի կամ իր տեղը զիջի փոքր ու միջին բիզնեսին։ Այս խնդիրը կլուծենք 2 տարվա ընթացքում»։

 

Րաֆֆի Հովհաննիսյանն իր ծրագրում անդրադառնում պրոգրեսիվ հարկային քաղաքականության դրույթներին եւ նախատեսում «պրոգրեսիվ հարկային օրենսդրության ներմուծում, որի կիրառումից հարկային բեռը փոքր ու միջին բիզնեսից կտեղափոխվի դեպի խոշոր բիզնես, ինչը կնպաստի հավելյալ աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսության կառուցվածքի փոփոխությանը եւ ճկունացմանը, օլիգոպոլ տնտեսությունից ազատ շուկայականի անցմանը, ինչպես նաեւ սոցիալական գերբեւեռացման մեղմմանն ու արտագաղթի կասեցմանը»:

 

Այս դրույթի իրականացման համար Րաֆֆի Հովհաննիսյանը նախատեսում է եկամտահարկի պրոգրեսիվ սանդղակի կիրառում հետեւյալ կերպ` մինչեւ 70 հազար դրամը` 0%, 70-300 հազար դրամը` 3500 դրամ գումարած 70.000 դրամը գերազանցող գումարի 3 %, 300-800 հազար դրամը` 30.000 գումարած 300.000 դրամը գերազանցող գումարի 15%, 800.000-1,5 մլն դրամը` 120.000 գումարած 800.000 դրամը գերազանցող գումարի 20%, 1,5-5 մլն դրամը` 300.000 գումարած 1,5 մլն դրամը գերազանցող գումարի 25%, 5-10 մլն դրամը` 1,25 մլն դրամ գումարած 5 մլն դրամը գերազանցող գումարի 30%, 10 մլն դրամից ավելի գումարից` 3,5 մլն դրամ գումարած 10 մլն դրամը գերազանցող գումարի 35%:

 

ՀՀ նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ծրագրում բացակայում են պրոգրեսիվ հարկային քաղաքականությանը վերաբերող դրույթները: Հավանաբար, Սերժ Սարգսյանն ընտրվելու դեպքում շարունակելու է այն քաղաքականությունը, որ կառավարությունն իրականացնում է այսօր:

 

Անդրիաս Ղուկասյանն իր ծրագրում նշում է. «Աղքատները չպետք է հարուստներին հավասար հարկեր վճարեն, եւ քանի դեռ երկրում կա աղքատություն, պետությունը չի կարող հարկել բնակչության սպառողական ծախսերը` ավելացված արժեքի հարկ, շրջանառության հարկ, բացառությամբ պերճանքի առարկաների, ալկոհոլային ապրանքների եւ ծխախոտի»: Ասել է թե, Ղուկասյանն էլ մտադրություն ունի պրոգրեսիվ հարկային քաղաքականություն ներդնել մեր հարկաբյուջետային համակարգում:

 

Արման Մելիքյանի նախընտրական ծրագրում, տնտեսական աղոտ ակնարկից բացի, այլ` կոնկրետ ծրագրային դրույթներ ամրագրված չեն: Նախ` առանձին բաժնով անդրադարձ չկա տնտեսական քաղաքականությանն ուղղված ծրագրային դրույթներին, եւ հետո` առաջին հայացքից կարծիք է ստեղծվում, թե այս թեկնածուի նախընտրական ծրագիրը պետաիրավական բնույթի ակտերի ժողովածու է:

 

Էպոսագետն էլ նախօրոք հայտարարել էր, թե հայոց էպոսն է լինելու իր նախընտրական ծրագրի հիմքը: Էպոսում մենք չգտանք տնտեսական եւ հարկաբյուջետային քաղաքականության մասին դրույթներ, բացի «Բադին, Կոզբադինի» մասից, որոնց Սասունից քշում են` «ակռաները ճակտի վրա շարան-շարան»: Հույս ունենք, որ, էպոսով առաջնորդվելով, Վարդան Սեդրակյանը այս հատվածը նկատի չի ունեցել:

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ