կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-16 13:26
Հասարակություն

Առաջիկայում բժշկական ապահովագրություն կունենան նաև սոցիալապես անապահովները

Առաջիկայում բժշկական ապահովագրություն կունենան նաև սոցիալապես անապահովները

Մայիս ամսին կառավարության հաստատմանը կներկայացվի շուրջ 100 000 պետական ծառայողի հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթներ տրամադրելու մեխանիզմը: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ հունիսի վերջին էլ ևս 612 000 մարդու ապահովագրական փաթեթ տրամադրելու նախագիծ կներկայացվի կառավարության քննարկմանը. այս անգամ արդեն այն կտրամադրեն սոցիալապես անապահովներին` «Փարոս» համակարգում ընդգրկվածներին և հաշմանդամություն ունեցող անձանց: Ծրագրի մեկնարկը կտրվի 2018-ի սկզբին:

«Պետությունը հաշվարկել է` որքան արժե մեկ անձի ստացիոնար բուժօգնությունը` 38 500 դրամ, և ապահովագրական ընկերությանը կփոխանցվի քաղաքացու բուժումը կազմակերպելու ֆունկցիան: Մարդիկ կկարողանան իրենց բուժումը կազմակերպել իրենց ուզած հիվանդանոցում: Հայաստանի առողջապահության համար անհրաժեշտ է 250 մլրդ դրամ` բոլոր քաղաքացիներին բժշկական ապահովագրություն տրամադրելու համար, սակայն մենք ունենք միայն 85 մլրդ դրամ` այդ իսկ պատճառով էլ չենք կարող միանգամից բոլոր քաղաքացիների բժշկական պաահովագրության հարցը լուծել»,- ասաց Մարգարյանը:

Նա նշեց, որ բյուջեն, բացի ապահովագրության հարց լուծելուց, ունի բազմաթիվ այլ ծրագրեր, ինչի հետևանքով էլ ապահովագրության ներդրումը փուլ առ փուլ են իրականացնում: