Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-05-05 13:10
Քաղաքական

Գծատերեր չենք ունենա, կունենանք օպերատոր կամ օպերատորներ. նախարարն ամփոփեց գործունեության վեց ամիսը

Գծատերեր չենք ունենա, կունենանք օպերատոր կամ օպերատորներ. նախարարն ամփոփեց գործունեության վեց ամիսը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում այսօր նախարար Վահան Մարտիրոսյանն ամփոփ ներկայացրեց գերատեսչության` վերջին վեց ամսվա գործունեությունը:

Անդրադառնալով ճանապարհաշինության ոլորտին՝ Մարտիրոսյանը նշեց, որ ճանապարհաշինարարական ծրագրերի իրականացման արդյունավետությունը գնահատելու և ակտիվների կառավարման համակարգ ստեղծելու նպատակով մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների գույքագրման, քարտեզագրման և թվայնացման աշխատանքները: Նշենք, որ մեկնարկել է նաև աշխարհագրական տեղակայման ինֆորմացիոն համակարգի՝ GIP-ի ներդրման աշխատանքները: Մարտիրոսյանը կարևորեց այն, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին մեկնարկել են փոսերի նորոգման մեծածավալ աշխատանքներ, որոնք նախատեսվում է ավարտել մինչև մայիս ամսվա վերջը:

«Ամենաշատը խանգարում են եղանակային պայմանները: Շաբաթվա ընթացքում լինում են պլանավորված և անակնկալ այցեր տարբեր մարզեր՝ ճանապարհների վիճակը տեսնելու նպատակով»,- ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ պետական բյուջեով ճանապարհային սպասարկման համար հատկացված է 7-7.4 միլիարդ դրամ, որը նախատեսված է ձմեռային և ամառային սպասարկումների համար: Ըստ Մարտիրոսյանի՝ այդքան գումարը բավարար չէ սպասարկումն ամբողջությամբ կատարելու համար: «Փողի աղբյուրներ ման ենք գալիս և կգտնենք, հաջորդ տարվա բյուջեով ավելի շատ գումարներ են հատկացված»,- ասաց նա:

Անդրադառնալով Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարական աշխատանքներին՝ Մարտիրոսյանը նշեց. «Այն կամուրջները, որոնց երթևեկությունը փակել է Հյուսիս-հարավի շինարարությունը, հայտնում եմ, որ երկու կամրջի տակ արդեն երթևեկությունը բաց է, իսկ մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները կբացվի բոլոր կամուրջներով երթևեկությունը»,- ասաց նա:

Մարտիրոսյանի խոսքով՝ ՀՀ վարչապետի հանձնարարականով գնահատվել են ներմարզային և ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները, հստակեցվել է չսպասարկող 220 համայնքների ցանկը: Ըստ նախարարի՝ համապատասխան առաջարկների փաթեթը ներկայացվել է կառավարություն, իսկ տեխնիկատնտեսական առաջադրանքը կներկայացվի հունիսի 1-ին: Մարտիրոսյանը նաև նշեց, որ նախատեսվում է ստեղծել մեկ տրանսպորտային համակարգ, որը կսպասարկի բոլոր համայնքներին: «Կլինի մեկ կամ մի քանի օպերատոր: Գծատեր չենք ունենա, կունենանք օպերատոր կամ օպերատորներ»,- ասաց նա՝ հավելելով. «Նախատեսվում է նաև միասնական տոմսերի ներդրման համակարգի կյանքի կոչում. քարտ, որի վրա որոշակի գումար ,է և որով կարելի է նստել ցանկացած ուղղությամբ գնացող երթուղային տաքսի կամ այլ տրանսպորտային միջոց: Դա կարող է բերել նաև սակագների իջեցման»:

Անդրադառնալով տաքսի ծառայությունների որակին` նախարարն ասաց, որ այդ բնագավառում որակն այն մակարդակին չէ, որ գոհացուցիչ լինի, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Մարտիրոսյանի խոսքով՝ մշակվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը կկարգավորի տրասպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացը, և նախատեսվում է վերացնել տեխնիկական զննության կտրոնը, վերահսկողություն իրականացնել էլեկտրոնային համակարգով:

Խոսելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարված աշխատանքների մասին՝ Մարտիրոսյանն ասաց, որ մասնավոր ընկերությունների հետ համագործակցության արդյունքում հնարավոր է դարձել նորարարական գաղափարներ կյանքի կոչելու համար շուրջ 200.000 ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն տրամադրել ստարտափներին: