Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի դեմ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների արդյունքում ի թիվս բազմաթիվ ցուցարարների տուժել են նաև 10-ից ավելի լրագրողներ և օպերատորներ, որոնք իրադարձությունների կիզակետում կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունները։
Այսպես՝ լուսաձայնային նռնակների պայթյուններից և առաջացած հրմշտոցներից վնասվածքներ են ստացել «NEWS.am» լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը, «ArmLur.am»-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանը, «ՍիվիլՆեթ»-ի/CivilNet-ի օպերատոր Նարեկ Հայրյանը, «ABC media»-ի լրագրողներ Նանե Հայրապետյանն ու Աղվան Ասոյանը, օպերատորներ Էդիկ Մալաքյանն ու Արման Ղարիբյանը, «MediaHub.am»-ի թղթակից Նարե Գևորգյանը, «Alpha News»-ի լրագրող Արփինե Բաղդասարյանը և օպերատոր Հովհաննես Հակոբյանը։
Բախումների ընթացքում վնասվել կամ կորել է «Փաստինֆո» լրատվականի, PARA TV-ի, «Սպուտնիկ Արմենիա»-ի և այլ լրատվամիջոցների տեխնիկան՝ ուղիղ հեռարձակման սարքեր, տեսախցիկներ ու միկրոֆոններ։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք ոստիկանության կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը, ոչ պրոֆեսիոնալ, չհաշվարկված գործողությունները, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների։ Մի շարք տեսագրություններում, ինչպես նաև «Ֆոտոլուր»/Photolure News Agency լրատվական գործակալության լուսանկարում պարզորոշ երևում է, որ լուսաձայնային նռնակներ ուղղվել են նաև լրագրողների ու օպերատորների կողմ, որտեղ կուտակված էին լրատվամիջոցների տեսախցիկները։ Սա հիշեցնում է 2016 թվականի հուլիսին Երևանի Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունները լուսաբանող լրագրողների թիրախավորումը և նրանց նկատմամբ չարդարացված ուժի կիրառումն ու հետապնդումները, ինչը վկայում է, որ ոստիկանության գործելաոճում գրեթե ոչինչ չի փոխվել, և լուրջ կասկածի տակ է դնում հռչակված բարեփոխումների մասին պնդումները։
Այս ֆոնին խորը մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ երկրի առաջին դեմքերն անվերապահորեն արդարացրել են ուժային կառույցների գործողությունները՝ նույնիսկ չսպասելով դրանց վերլուծությունների արդյունքներին, ինչը պարարտ հող է ստեղծում հետագայում նման գործողությունների կրկնման համար։
Վրդովմունք է առաջացնում նաև այն, որ նույն օրը, երբ Ազգային ժողովի նիստում՝ վարչապետի հետ հարցուպատասխանի ժամանակ, վիճաբանություն է սկսվել իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև, անվտանգության ծառայության աշխատակիցները փորձել են ԱԺ-ի օթյակից բռնի ուժով դուրս հանել լրագրողներին՝ արգելելով նրանց կատարել մասնագիտական պարտականությունները՝ տեսանկարահանել ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցողը։ Այսպիսի անընդունելի գործելաոճ խորհրդարանում դրսևորվել է նաև նախորդ տարիներին, և սա դարձել է արատավոր ավանդույթ։
Ելնելով վերոգրյալից՝ մենք պահանջում ենք․
իշխող քաղաքական ուժից՝ հանդես գալ հայտարարությամբ և հայցել ներողամտություն հունիսի 12-ի իրադարձությունների ընթացքում տուժած բոլոր լրագրողներից ու լրատվամիջոցներից, փոխհատուցել նրանց վնասները և միջոցներ ձեռնարկել ճգնաժամային իրավիճակներում նրանց անվտանգ գործունեությունն ապահովելու համար,
Ներքին գործերի նախարարությունից՝ ծառայողական քննություն իրականացնել և վերլուծել ոստիկանության գործողությունների օրինականությունն ու համաչափությունը, բացահայտել խախտումները, հրապարակայնորեն ընդունել դրանք և պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահած ծառայողներին։
Մենք մեր համերաշխությունն ու սատարումն ենք հայտնում ցավալի իրադարձություններում տուժած բոլոր լրագրողներին ու օպերատորներին, մաղթում շուտափույթ ապաքինում և տոկունություն:
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ