կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-02 20:34
Քաղաքական

Ինչո՞ւ է Տարոն Մարգարյանը նախագահի ծրագիրը վերագրում իրեն

Ինչո՞ւ է Տարոն Մարգարյանը նախագահի ծրագիրը վերագրում իրեն

Երևանի գործող քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այսօր Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իրենց կուսակցության նախընտրական ծրագիրը, որից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

Yerkir.am-ի հարցին` իրենց ծրագրի ձեռքբերումներ բաժնում, ի թիվս այլ ձեռքբերումների նշված է` «Ռիբոկ», Ծառուկյանին պատկանող «Մուլտի վելնես» սպորտային համալիրները, արդյո՞ք այս մասնավոր ընկերությունների կառուցածներն իր ձեռքբերումներն են, քաղաքապետն արձագանքեց. «Մեզ համար դա շատ կարևոր է, երբ համայնք-մասնավոր համագործակցություն կա: Դա տեղի է ունենում Երևան քաղաքում: Երբ մասնավորը ներդրում է իրականացնում, բնականաբար, տեղական իշխանությունը աջակցում է: Երբ որ մեր քաղաքացիները նման մարզական համալիրներ էին ուզում Երևան քաղաքում կառուցել, համայնքն իր ուժերով չէր կարող կառուցել և բանակցում էր ներդրողների, մասնավորների հետ և դա իրականացրեցինք, դրա համար նշել ենք: Դա համաչափ զարգացում է: Այսօր բոլորս ուզում ենք, որ 12 վարչական շրջաններում նման սպորտային համալիրներ ունենանք: Ես շնորհակալ եմ բոլոր այն ներդրողներին, ովքեր թե’ Մալաթիա վարչական շրջանում, թե’ Դավիթաշենում, թե’ Կենտրոն վարչական շրջանում, թե Շենգավիթում նման ներդրումներ իրականացրին»:

Մեր դիտարկմանը` Ավանում կառուցված «Ծարավ աղբյուր»  թաղամասն էլ է նշված որպես Մարգարյանի ձեռքբերում, մինչդեռ դա նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրն է եւ իրականացվում է Սպորտի եւ Երիտասարդության հարցերի նախարարության հետ,  քաղաքապետի թեկնածուն փոքր ինչ շփոթված պատասխանեց. «Հանրապետության նախագահը նաև Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահն է: Ես ներկայացնում եմ հանրապետական կուսակցության ցուցակը, առաջին համարն եմ և հանդես եմ գալիս հանրապետական կուսակցությունից որպես քաղաքապետի թեկնածու, այսօր էլ աշխատում եմ որպես քաղաքապետ: Հանրապետական կուսակցության ծրագիրը անձերի ծրագիր չի, դա մեր կուսակցության ծրագիրն է»: