Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ատենախոսությունների պաշտպանություններին, մանավանդ վերջին տարիներին, սովորաբար անհրաժեշտ լսարան ապահովում են արհեստականորեն. կանչում են հարազատ-բարեկամի, աշակերտ-ուսանողի և ապահովում ներկայացման` գոնե ներկայանալի կողմը՝ տեսեք, ի՜նչ հետաքրքիր պաշտպանություն է: Սակայն երբ պաշտպանողը ականավոր ՀՀԿ-ական է՝ առայժմ քաղաքապետի կարգավիճակով, բայց շատ ավելի մեծ ակնկալիքով ու նկրտումներով, այդ դեպքում, անշուշտ, խիարը կարող է նաև «թարս բուսնել»՝ ատենախոսության պաշտպանությունն անցկացնելու համար ոչ թե հանդիսական բերել դրսից, այլ, դրսի դռները պինդ փակելով, թրով-թվանքով պայքարել հանդիսական դառնալ կամեցողների դեմ՝ լինի հասարակ քաղաքացի, գիտնական, թե այլ ոք:
Այո, Տարոնի պաշտպանությունն ընթացել է փակ դռների հետևում: Ավելին՝ Երևանի տնտեսագիտական համալսարանի ռեկտորն իր լիազորությունները վերազանցող հրաման է տվել՝ փակել համալսարանի դռները, ուսանողներով ու հայհոյանքներով կենդանի պատ սարքել՝ ընդդեմ լրագրողական «անառողջ» հետաքրքրությունների, որպեսզի Տարոնի «գիտությամբ» Երևանի քաղաքային տնտեսությունն օտար աչքերից հեռու «զարգանա»: Անշուշտ, Երևանի զարգացման հեռանկարներին նվիրված` նրա ատենախոսությունը նաև պետական գաղտնիքներ է պարունակել, նաև ա՛յս պատճառով է հարկ եղել թաքցնել մարդկանցից, ա՛յն մարդկանցից, ում քաղաքային կենցաղը բարելավելուն է միտված գիտական աշխատությունը:
Ամենազավեշտալին, սակայն, այն է, որ պաշտպանությանը ներկա գտնվել չեն կարողացել լրագրողները` նրանք, ովքեր առավել լավ, քան որևէ այլ մեկը գիտեն Տարոնի գիտական կարողությունների մասին, մասնավորապես` դրանցում համոզվել են քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ ՀՀԿ-ական թեկնածուն իր անգիր արած տեքստերն էր արտաբերում: Իսկ լրագրողները, հայտնի բան է, մուխաննաթ ժողովուրդ են, ներկա կգտնվեն, սկզբում ձայն չեն հանի, բայց հետո կհարամեն թե՛ Տարոնի, թե՛ տարոնականների ուրախությունը, որ անպայման հաջորդելու է պաշտպանությանը:
Արդ, ամենագլխավորը` ինչո՞ւ է Տարոնն, այնուամենայնիվ, «կրծել գիտության գրանիտը», որ թեկնածու դառնա ինչ-որ գիտությա՞ն, թե՞ մեկ այլ՝ իր համար շատ ավելի կարևոր բանի:
Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ