կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-16 22:18
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընկեր Էդիկը քննադատությունը վերագրում էր իրեն, որ դիմացինը հասկանա․ Վ․ Հակոբյանը՝ Էդուարդ Հովհաննիսյանի մասին

Ընկեր Էդիկը մի հատկություն ուներ՝ երբ գալիս էր սահմանը, չէր նայում դիվանագիտությանը, պահի տակ շատ արագ կողմնորոշվում էր և արագ պատասխան էր տալիս՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում դոկտոր, պրոֆեսոր, Մյունխենի հայկական հարցերի հաստատության հիմնադիր տնօրեն Էդուարդ Հովհաննիսյանի մասին ասաց նրա մտերիմ ընկերը՝ ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, ՀՅԴ անդամ Վարդան Հակոբյանը։

Նա մի պատմություն պատմեց․ «Երբ Մոսկվայում պետք է բացվեր Դաշնակցության գրասենյակը, այսինքն դա պետք է լիներ Հայ Դատի գրասենյակ, դեռ 1992 թիվն էր, դիմել էինք շատ քաղաքական գործիչների, նաև Մոսկվայի իշխանություններին, որ հնարավոր դառնար բացումը։ Այն ժամանակ Մոսսովետի ղեկավարը Գոնչարն էր։ Վերջապես համաձայնվեց ընդունել մեզ, գնում ենք մոտը, մտնում ենք ներս, դեռ չենք բարևել, չենք խոսել, ես ու ընկեր Էդիկը մտնում ենք ներս, մեկ էլ Գոնչարը հայտարարում է՝ ձեր պրեզիդենտը ֆրանսիական շպիոն է։ Մինչ ես ուզեցա հասկանալ՝ ինչ է կատարվում, ընկեր Էդիկը միանգամից պատասխանեց՝ իսկ ձեր պրեզիդենտը ամերիկյան շպիոն է։ Միանգամից կոնտակտը Գոնչարի հետ ստացվեց, և միանգամից իրար հասկացան ու հետո շատ լավ բանակցությունների արդյունքում մենք ստացանք մի տարածք Բաումանյան շրջանում, որտեղ Բրեժնևն էր գրանցված, և այնտեղ մեզ գրասենյակ տվեցին և այդ գրասենյակում  Էդուարդ Հովհաննիսյանն աշխատում էր մինչև 1996 թիվը, երբ արգելեցին մուտքը Ռուսաստան»։

Էդուարդ Հովհաննիսյանի մուտքը Ռուսաստան արգելում են Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունից պարբերաբար ուղարկված բողոք-նամակներից հետո, ասաց Վարդան Հակոբյանը, այդ մեծ մտավորականը և դաշնակցականը ՀՀՇ-ական իշխանության կոկորդում փուշ էր։

Լայնախոհ այդ գործիչը, սակայն, դեռ ազատագրական շարժման ամենասկզբում էր զգուշացնում՝ հանկարծ Արցախի համար հայ ժողովրդի պայքարը չօգտագործվի քաղաքական այլ նպատակներով․ նա ասում էր՝ եթե այս պոռթկումը օգտագործվի Խորհրդային Միությունը քանդելու համար, կարող է շատ վատ անդրադառնալ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի վրա։

«Լինելով շատ սթափ գիտնական՝ կարողանում էր միանգամից իրերի էությունը հասկանալ։ Մեր զրույցների հիմնական թեման այն տարիներին Արցախն էր, և այն ժամանակ մենք հասկանում էինք՝ եթե մտել ենք այս հարցի մեջ, ապա դա ունենալու է մի ընթացք, որը դառնալու է ճակատագրական»,-վերհիշեց Վարդան Հակոբյանը։

Նա հիշեց նաև, որ հենց այդ թվականներին էլ հայ լիբերալներ էին հայտնվել՝ ի դեմս ՀՀՇ-ի և այլն, բայց Էդուարդ Հովհաննիսյանը իր վերլուծություններում համոզված էր, որ եթե Արցախը զիջվի, մյուս հարցը գալու է Հայաստանը, նա դա համարում էր տրամաբանական զարգացում։

«Արցախի վերաբերյալ ամբողջ զարգացումներն այն ժամանակ՝ 93 թ-ին, արդեն պարզ էր իր համար, նա ո՛չ նայիվ ռոմանտիկ էր, ո՛չ կուրծք ծեծող մարտիկ, շատ լավ հասկանում էր, որ Արցախի հարցը, այո՛, ազգային ազատագրական պայքար է, բայց կան միջազգային հարաբերություններ, կա քաղաքականություն և այդ ճակատում էլ պետք է արդեն օգտագործել դիվանագիտությունը։ Նա չէր նայում դիվանագիտությանը որպես պրիմիտիվ մի բանի, որ ոչ մի հարցով դիվանագիտական քննարկում պետք չէ անցկացնել, ինչպես անում էր Ադրբեջանը»,-ասաց Վարդան Հակոբյանը։

Էդուարդ Հովհաննիսյանը շատ լավ պատկերացնում է ուժերի դասավորությունը և Արցախի խնդրին ոչ թե նայում էր լոկալ, այլ աշխարհաքաղաքական միջազգային հարաբերությունների տեսանկյունից՝ նշեց նա։ Հենց այս վերլուծությունների հիմքով էր Էդուարդ Հովհաննիսյանը իր հոդվածներից մեկում  90-ականների սկզբին կանխատեսում է Արցախի անկախության հնարավոր 3 ուղղություններ․ առաջինը՝ ամրացնել բանակն ու իշխանությունը, դաշնակիցներ գտնել և ինքնապաշտպանվել, երկրորդը՝ ձևականորեն մտնել Ադրբեջանի կազմ, բայց իրական անկախությունը պահել՝ սեփական կառավարությամբ ու բանակով, և երրորդը՝ մտնել Ռուսաստանի կամ այլ պետության կազմ, բայց գոնե անկախանալ Ադրբեջանից։ 4-րդ ամենավատ սցենարը նրա համար ՀՀՇ-ի այն ժամանակվա քաղաքական գիծն էր՝ «Արցախը տվեք Ադրբեջանին, որ պրծնենք բոլոր ցավերից», այս ենթատեքստում ասում էր՝ նրանց հայ համարելը դժվար է, բայց այն էլ պիտի հաշվի առնենք, որ հայ ժողովուրդը ոչ միայն հայերից է բաղկացած։

Մտերիմ ընկերը՝ Վարդան Հակոբյանը, այս 4-րդ սցենարի մասին ասաց՝ շատ պարզ է, ՀՀՇ-ն եկավ իշխանության «Արցախ» ասելով, բայց հենց եկավ իշխանության, հրաժարվեց դրանից և մի բան էր քարոզում՝ «Արցախի պատճառով մենք տուժում ենք, լավ չենք ապրելու, առևտուր չենք անելու»։ Նա հիշեց, որ դեռ պատերազմ էր գնում, բայց նրանք արդեն վարկաբեկում էին ազգային ազատագրական պայքարը, պահանջատիրությունը, Հայ դատի գաղափարը, հետապնդում էին Դաշնակցությանը․ այդ մարդիկ, ասաց նա, այն լիբերալ մասսան էին, որը հիմք դրեց հիմիկվա իրավիճակին։

Այս ենթատեքստում Էդուարդդ Հովհաննիսյանն իր հոդվածներից մեկում գրում է․ «Պետք է գտնենք և ղեկավարման ղեկը տանք նրանց ձեռքը, որոնք գիտակցում են, որ քաղաքականությունը և դիվանագիտությունը ազգային բնազդի արտահայտություններ են, իսկ ազգային ազատագրական պայքարը հանուն հայրենիքի զոհաբերվելու արիություն»։

Ամբողջ քաղաքագիտության, դիվանագիտության պատմությունը հենց սա է՝ նշեց Վարդան Հակոբյանը, այս երկու ֆրազով կարելի է ասել՝ եթե դուք պատասխանատվություն եք վերցրել պետություն պահելու, զարգացնելու, ապա դա բնազդային մակարդակով պիտի ձեր մեջ դրված լինի։

«Ես չէի ասի, որ ընկեր Էդիկը այնպիսի մարդ էր, որ կարող էր հարձակվել, նեղացնել մարդկանց, բայց կարողանում էր հասկացնել, որ ձև թափելով, թե դու նախարար ես, կամ դիվանագետ ես, շարժուձևով, անիմաստ բան է և ոչ մի օգուտ չի տալիս։ Ամեն ինչին նայում էր հենց Դաշնակցության տեսանկյունից, որպես դաշնակցական, գիտնականի նման ուսումնասիրելով Դաշնակցության պատմությունը, այնքան էր այդ ամենը մարսել, որ հասկանում էր և այդ խնդիրը դնում էր ընկերների առաջ»,-ասաց Վարդան Հակոբյանը։

Նա պատմեց, որ Էդուարդ Հովհաննիսյանը, լինելով շատ կիրթ մարդ, մտավորական, երբեք իրեն թույլ չէր տալիս ինչ-որ մեկին նսեմացնել, նա շատ նուրբ ձևով էր փորձում հասկացնել, հիմնականում հումորի ձևով, մեկ-մեկ ֆրազներ էր ասում և  քննադատությունը վերագրում էր իրեն, իր վրա էր ասում, որ դիացինը հասկանա․ սա տիպիկ մտավորականի հատկություն է։

Եվ առաջին թիրախն էլ հենց որդին էր՝ Վահան Հովհաննիսյանը, որը ժառանգեց նաև հոր սուր հումորը, բարեկրթությունը, խելքն ու հռետորական տաղանդը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․