Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որևէ քննարկում չենք արել ո'չ մեր կուսակցությունում, ո'չ մեր գործընկեր կուսակցության հետ. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` պատասխանելով հարցին` արդյո՞ք ՀՅԴ-ն նախագահի սեփական թեկնածու կառաջադրի: Նա նշեց, որ այդ առումով դեռ որոշում չունեն, և երբ ժամանակը գա, կտեղեկացնեն իրենց որոշման մասին:
Ինչ վերաբերում է «Ելք»-ի` նախագահի թեկնածու առաջարկին, ապա պատգամավորն ասաց. «Ընդդիմության իրավունքն է: Եթե հիշում եք, «Ելք» դաշինքը նաև ԱԺ նախագահի թեկնածու էր առաջարկել, կարծեմ` 9 ձայն ստացավ: Ինձ համար` եթե որևէ նախաձեռնություն ես անում, ապա դա պետք է ունենա հեռանկար, բայց նրանք այլ կերպ են մտածում, իրենց իրավունքն է»:
Հարցին` «Ելք»-ի առաջարկն ինչո՞ւ հեռանկար չունի, Վարդանյանը պատասխանեց. «Եթե նույնիսկ «Ելք» դաշինքին հաջողվի համոզել «Ծառուկյան» կուսակցությանը, նրանք կունենան 40 ձայն, իսկ ՀՀ-ում 40 ձայնով նախագահ չի ընտրվելու, նախագահ ընտրվելու է ¾-րդով առաջին փուլում, եթե չեղավ առաջին փուլով, հաջորդ փուլերը կլինեն 2/3 և այլն, իսկ 40 ձայնով ոչ մի կերպ 51 տոկոս չի կազմվում»:
Հարցին` ինչո՞ւ գոնե նախագահի պաշտոնն իշխանությունը չի տալիս ընդդիմությանը` հաշվի առնելով այն փաստը, որ նախագահն այդքան լիազորություններ չի ունենալու, պատգամավորը պատասխանեց, որ ընդդիմությունն իրենց չի դիմել այդ հարցով: «Ընդդիմությունը դիմել է ընդդիմությանը, որպեսզի միավորվեն: Թող միավորվեն ամբողջովին, նոր այդ հարցը կքննարկենք»,- ասաց նա: