Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների պատգամավորները դռնփակ քննարկում էին իրականացնում: Մինչ այդ լրագրողների հարցին` արդյո՞ք նախագահի թեկնածուի հարցն են քննարկելու, պատգամավորները բացասական պատասխան տվեցին: «Սա այն չէ, ինչ մտածում եք»,- ժպտալով շտապեց ասել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Հիշեցնենք՝ «Ելք» խմբակցությունը դիմել էր «Ծառուկյան» խմբակցությանը՝ Արտակ Զեյնալյանին նախագահի թեկնածու առաջադրելու հարցում սատարելու առաջարկով։
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ քննարկման թեման հանրապետության նախագահի թեկնածուին չի վերաբերել: Նա տեղեկացրեց, որ դաշինքը նոր է ստացել «Ելք»-ի դիմումը:
«Դե հիմա «Ելք»-ն ակնկալում է, ոչ մեկի չես կարող զրկել ակնկալիքներից: Այլ է խնդիրը, թե այդ ակնկալիքները, որքանով են իրականանալի մեր մասով: Ցանկացած հարցում և այդ թվում այս հարցում բանակցությունը ենթադրում է երկու կողմի հավասար մասնակցություն: Իսկ իրենք պարզե՞լ են` մենք ունե՞նք թեկնածու, թե՞ ոչ, և ինչ է մենք պարտադրված ե՞նք»,- ասաց Պետրոսյանը:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ այս պահին իրենք նախագահի թեկնածու չունեն, և որ դաշինքի օրակարգում նման հարց չկա:
«Եթե չունենք թեկնածու, դա չի նշանակում, որ մենք պետք է սատարենք «Ելք» դաշինքի թեկնածուին: Սա քննարկումների արդյունքում պետք է որոշվի, սա անհատ պատգամավորի կողմից որոշվելիք հարց չէ: Երբ որ քննարկումը լինի կտեղեկացնենք»,- հավելեց պատգամավորը:
Հարցին` հնարավո՞ր է «Ծառուկյան» դաշինքը սատարի Հանրապետականի նախագահի թեկնածուին, նա ասաց. «Ես այս պահին ոչինչ չեմ կարող բացառել, քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել: Ես չգիտեմ` ով կառաջադրվի, ով չի առաջադրվի, Հանրապետականի ներքին գործերին խառնվելու ցանկություն ընդհանրապես չունեմ, բայց էստեղ չշեշտենք կուսակցական պատկանելությունը: Տեսականորեն չի բացառվում, որ ցանկացած քաղաքական ուժ էլ ներկայացնի այնպիսի թեկնածու, ով իր գործնական և անձնական հատկանիշներով լիարժեք բավարարվում է Սահմանադրության և կյանքով ՀՀ նախագահին ներկայացվող պահանջներին»:
Ինչ վերաբերում է հարցին` Սերժ Սարգսյանը բավարարո՞ւմ է այդ պահանջներին, Պետրոսյանը պատասխանեց, որ որևէ մեկի վերաբերյալ դատողություն չի անի, և այդ հարցերը պետք է տալ նրա կուսակցության ներկայացուցիչներին: