Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաշինյանը ժամանակին բացեց Պանդորայի արկղը` ասելով, որ երեխան ծնողին կարող է չլսել, ուսանողը` դասախոսին, ու բոլոր հարցերը կարելի է փողոց փակելով լուծել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
«Մարդիկ տեսան, որ ոստիկանին կարելի է վիրավորել, ու նա ձայն չհանի: Տեսան, որ ոստիկաններին ապտակողները կարող են ազատ արձակվել: Այսինքն` մարդկանց ասել են` ինչ ուզում եք արեք, նրանք էլ արել են այն, ինչ ցանկացել են: Հիմա իջևանցիները զարմացել են, որ, փաստորեն, ոչ բոլորին է կարելի ոստիկանի վրա հարձակվել, կամ ոչ բոլորը կարող են ոստիկանին վիրավորել: Իրավաբանորեն չեմ կարող ասել` ոստիկանական ուժերն ինչքանով են իրավաչափ ուժ կիրառել, որովհետև եթե դա լիներ Սերժ Սարգսյանի ժամանակ, համաշխարհային վայնասուն էր լինելու, իսկ այսպես ամեն բան փակվեց ու կոծկվեց»,- ասաց նա:
Ըստ Քոչարյանի` նմանատիպ բողոքներ լինելու են անընդհատ, որովհետև շատերը մտածում են, որ եթե Փաշինյանին թույլատրելի էր, օրինակ, գրավել ռադիոյի շենքը, արգելափակել փողոցներն, ապա ինչո՞ւ ինքը չի կարող նույնն անել: Եվ դա` հատկապես այն պարագայում, որ Փաշինյանն անընդհատ ասում է` ժողովուրդն է որոշողը, չբացատրելով, թե ինչ նկատի ունի` ժողովուրդ ասելով:
«Սերժ Սարգսյանի ժամանակ կային կարմիր գծեր ու խաղի հստակ կանոններ: Մարդիկ գիտեին` ինչը ոնց է: Հիմա ոչինչ հստակ չէ: Իսկ իջևանցին, որ փողոց էր փակում, հարվածում էր ոստիկանին, քար էր նետում նրա ուղղությամբ, չէր հասկանում, որ հակաօրինական քայլ է կատարում, որովհետև այդ ամենը նա արդեն տեսել էր»,- մեկնաբանեց Քոչարյանը:
Փորձագետը բնական է համարում երևույթը, որ իշխանափոխությունից հետո սեփականության վերաբաշխում է տեղի ունենալու: Մանրամասնում է` որոշ բիզնեսներ պետք է ձևափոխվեն, անցնեն ուրիշներին, որոշները փակվեն, որոշներն արգելվեն: «Որքան գիտեմ, Իջևանի անտառտնտեսության ղեկավարությունը փոխվել է, ու ես հակված եմ մտածելու, որ դա ոչ թե քաղաքական, այլ բիզնես պայքար է: Այդպիսի բողոքները շատանալու են, որովհետև Հայաստանի զարգացման ու առաջընթացի մասով միայն գեղեցիկ թվեր են նկարվում, այնինչ իրական պրագրես չկա: Մարդիկ հույսով սպասում էին, թե մի տարուց բոլորի գործերն առաջ կգնան, բայց հասկացել են, որ ոչինչ էլ առաջ չի գնալու: Դեռևս չի էլ երևում, թե ինչի հաշվին է տնտեսական թռիչք լինելու: Մյուս կողմից` տեսնում ենք, որ իշխանությունը նույնպես ատամներ է ցույց տալու: Ուրախ կլինեմ, որ սխալ լինի կարծիքս, բայց Փաշինյանը հակված է ուժային մեթոդներով մարդկանց բերանը փակելուն ու ճնշելուն, ինչի մասին ասաց վերջին հարցազրույցի ժամանակ` բացահայտելով, որ, ինչու` ոչ, տանկերով կարելի է ճզմել մարդկանց»,- նշեց Տիգրան Քոչարյանը:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի օրինակը բերելով` նա ընդգծեց, որ ամեն փոքր բանի համար մարդկանց վրա դատական ճնշում գործադրելը լավ բանի չի հանգեցնի: «Սահակաշվիլին ամեն մի փոքր հանցանքի համար մարդկանց բանտ էր նստեցնում, օրինականություն էր պահում ու երկաթե բռունցքով փորձում ղեկավարել երկիրը: Բայց ի՞նչ եղավ վերջում: Եղավ այն, որ նրա ղեկավարման ընթացքում Վրաստանի բնակչության տասը տոկոսն անցել էր բանտերով: Ուժի կիրառումն էլ պետք է չափավոր լինի»,- ամփոփեց մեդիափորձագետը: