կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-02 13:31
Տարածաշրջան

Հնդկաստանը մերժել է Քաշմիրի հարցում միջնորդի դեր ստանձնելու` Թուրքիայի առաջարկը

Հնդկաստանը մերժել է Քաշմիրի հարցում միջնորդի դեր ստանձնելու` Թուրքիայի առաջարկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 1-ին պաշտոնական այցով մեկնել էր Հնդկաստան: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ այցի ընթացքում Էրդողանն առաջարկել էր միջնորդի դեր կատարել Պակիստանի և Հնդկաստանի միջև վիճելի տարածքների (Քաշմիրի) վերաբերյալ բանակցություններում. տեղեկացնում է Ermenihaber-ը:

«Երկու երկրների հետ էլ բարեկամական հարաբերություններ ունեցող Թուրքիան Քաշմիրում թափվող արյունահեղությունը դադարեցնելու նպատակով կարող է նպաստել Հնդկաստանի և Պակիստանի միջև երկխոսության ակտիվացմանը»,- առաջարկել է Թուրքիայի նախագահը:

Սակայն հնդկական կողմը մերժել է այս առաջարկը՝ համարելով, որ խնդիրը վերաբերում է անդրսահմանային ահաբեկչությանը:

Էրդողանը Քաշմիրի խնդրի մասին խոսել է որպես «ընդհանուր մտահոգության» և նշել, որ Թուրքիան պատրաստ է «լիովին աջակցել» ահաբեկչության դեմ պայքարին:

Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդին Էրդողանի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ համաձայնել է Թուրքիայի նախագահի այն կարծիքի հետ, որ բոլոր երկրները պետք է միավորեն ուժերը ահաբեկչության դեմ պայքարում, սակայն մերժել է միջնորդության առաջարկը:

Հնդկաստանի արտգործնախարարության խոսնակ Գոպալ Բաղլայը թեմայի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է արել. «Մենք թուրքական կողմին հայտնեցինք Քաշմիրի և ահաբեկչության հարցում ունեցած մեր մոտեցումը: Նշեցինք, որ ահաբեկչության հարցում որևէ արդարացում չի կարող լինել: Մենք Քաշմիրում տեղի ունեցածը ահաբեկչություն ենք համարում»:

Քաշմիրի տարածաշրջանը գտնվում է Հնդկաստանի, Պակիստանի և Չինաստանի սահմանագծին: Այն պաշտոնապես գտնվում է Պակիստանի կազմում, սակայն 1947թ. հնդկա-պակիստանյան պատերազմի ժամանակ անկախություն է հռչակել՝ որպես Ազատ Քաշմիրի խորհրդարանական հանրապետություն: Հնդկաստանը ճանաչել է Քաշմիրի Հանրապետության անկախությունը: