|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ընդերք օգտագործման բնագավառում մոնիթորինգի իրականացման ու հաշվետվողականության վերաբերյալ:
Ընդերքօգտագործման ոլորտում շրջակա միջավայրի վրա ազդեցությունների գնահատումն ու մոնիթորինգը կարևորվում է հնարավոր ռիսկերի կանխարգելման և կառավարման տեսանկյունից, սակայն օրենսդրության իրականացման չափորոշիչները կանոնակարգված չեն:
«Ներկայումս մոնիթորինգի տվյալների բացակայությունը հնարավորություն չի տալիս գնահատելու ընդերքօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների վրա իրական ազդեցություններն ու ռիսկերը, ինչպես նաև նախաձեռնելու համապատասխան կանխարգելման գործողություններ: Այդ նպատակով հանձնարարում եմ բնապահպանության նախարարին` 3-ամսյա ժամկետում, հաշվի առնելով միջազգային փորձը, մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել իրավական ակտերի փաթեթ, որով կկանոնակարգվեն ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման և հաշվետվողականության հետ կապված ընթացակարգերը»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով` բոլոր տրամադրված լիցենզիաներն ու պարտավորությունները պետք է վերանայել: Ընդերքօգտագործողները մեկ անգամ արդեն զգուշացվել են, որ պետք է ծրագրեր ներկայացնեն: Ովքեր ծրագրեր են ներկայացրել, նրանց հետ պետք է գործընկերային պայմանավորվածություններ ձեռք բերել, իսկ ովքեր չեն ներկայացրել ծրագրեր, ուրեմն, վարչապետի խոսքով, շատ կոշտ ձևով պետք է հետ վերցնել լիցենզիաները: