կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-15 14:28
Քաղաքական

Պետք է վերանայել նախկինում արված լուրջ զիջումը. Շավարշ Քոչարյան

Պետք է վերանայել նախկինում արված լուրջ զիջումը. Շավարշ Քոչարյան

Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողները ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին հարցրեցին, թե ԼՂ կարգավորման հարցն ի՞նչ փուլում է: Նա պատասխանեց, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, ըստ էության, կյանքի չեն կոչվել, և դա է պատճառը, որ բանակցային գործընթացում առաջընթաց չկա: «Ամեն ինչ կախված է այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելուց»,- ասաց փոխնախարարը:

Ըստ Շավարշ Քոչարյանի` միջազգային հարաբերությունները շատ արագ են փոփոխվում, և Հայաստանը շատ անելիքներ ունի: Ինչ վերաբերում է Ուորլիքի վերջին հայտարարությանը, թե ԼՂ կարգավորման հարցում կա տարբերակ` տարածքներ` կարգավիճակի դիմաց, նա նշեց, որ Ուորլիքը որևէ նոր բան չի ասել, ընդամենը վերաշարադրել է այն, ինչ կա Մադրիդյան սկզբունքներում:

«Հիմա քննարկման առարկա է այն հանգամանքը, որ պետք է ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը, քանի որ, առանց դրա, հնարավոր չէ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասաց ԱԳ փոխնախարարը:

Նա շեշտեց մյուս կարևոր հանգամանքը, որ Մադրիդյան սկզբունքներն, ըստ էության, ենթադրում էին փոխզիջումներ, որը ներառում էր և\' տարածքների հարցը, և\' կարգավիճակի հարցը, սակայն ապրիլյան ադրբեջանական ագրեսիայից հետո արդեն լրջորեն պետք է մտածել այդ ամենի մասին:

«Ժամանակին եղել է շատ լուրջ զիջում` բանակցություններում որպես հիմք ընդունելով Մադրիդյան սկզբունքները` հետաձգել հանրաքվեն, քանի որ այն ժամանակ միջնորդները հստակ հիմնավորում էին, որ հետաձգված հանրաքվեն նրա համար է, որ Ադրբեջանն իր ժողովրդին հասցնի նախապատրաստել այն մտքին, որ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում: Բայց հասունացել է այն պահը, որ պետք է լրջորեն վերանայել նախկին համաձայնությունները: Ինչ վերաբերում է բուն բանակցային գործընթացին, չի կարող առաջընթաց լինել առանց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Նրա համոզմամբ` կա մեկ փաստաթուղթ` Մադրիդյան սկզբունքները, և մնացած առաջարկությունները պետք է ընդունել Մադրիդյան սկզբունքների հիման վրա: