կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-22 17:31
Քաղաքական

Պետք է վերանայել, թե ինչ օժանդակություն է անհրաժեշտ տրամադրել գյուղացիական տնտեսություններին. Արթուր Խաչատրյան

Պետք է վերանայել, թե ինչ օժանդակություն է անհրաժեշտ տրամադրել գյուղացիական տնտեսություններին. Արթուր Խաչատրյան

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը խորհրդարանում լրագրողներին բացատրեց, թե ինչու են գյուղացիները դժվարություններ ունենում գյուղատնտեսական վարկերը մարելիս: «Տոկոսադրույքներն են բարձր եղել, վարկերի օգտագործման արդյունավետությունն է ցածր եղել: Խնդիրները գալիս են նաև այն բանից, որ մարդիկ վարկ են վերցրել, սակայն չեն կարողացել գնահատել վարկերի սպասարկման հետ կապված հետագա ռիսկերը: Մենք իսկապես խնդիր ունենք վերանայելու, թե ինչ օժանդակություն և ծառայություն պետք է տրամադրել գյուղացիական տնտեսություններին»,- ասաց նախարարը:

Հարցին` արդյո՞ք նպատակահարմար է գյուղատնտեսական վարկերի համաներում իրականացնելը, երբ տեղեկություններ կան, որ գյուղատնտեսական վարկերը հաճախ օգտագործվում են այլ նպատակների համար, նա պատասխանեց. «Բնականաբար, գյուղատնտեսական վարկերն ավելի մատչելի են, քան մնացած վարկերը, և հաճախ դրանք օգտագործել են խոպան գնալու, ավիատոմս գնելու, բանակի քեֆ ֆինանսավորելու, հարսանիք, նշանդրեք կազմակերպելու համար: Կարելի է ուղղակի նայել, հասկանալ, թե ովքեր են այն մարդիկ, որ վարկ են վերցրել և բնական կատակլիզմների կամ տնտեսվարման խնդիրների, գների փոփոխման պատճառով տուժել են: Ես համարում եմ, որ պետք է նայենք և հասկանանք` եթե տեղի է ունեցել չարաշահում, այդ հարցերով պետք է զբաղվել: Եթե եղել է չարաշահում, պետք է լինի դիֆերենցված մոտեցում: Նաև ծավալները պետք է հասկանանք: Պետք է հասկանանք՝ վարկերի 95 տոկոսն ուղղվել է գյուղատնտեսության ոլորտ և միայն այն 5 տոկո՞սն է այսկողմ-այնկողմ եղել, թե՞ պատկերը մի փոքր այլ է: Գնահատենք, հասկանանք, հետո որոշում կընդունենք»:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությանը հանձնարարել է ներկայացնել գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները վերացնելու առաջարկներ, ինչպես նաև դիտարկել գյուղատնտեսական վարկերի համաներման հնարավորությունը: 

Գյուղնախարարը նաև ընդգծեց, որ ագրոոլորտի զարգացման կարևոր պայման է համարում կոոպերացիաների խթանումը, սակայն, ըստ նրա, հարկավոր է այդ քաղաքականությունը ճիշտ իրականացնել: Ըստ նրա` կոոպերացիան պետք է փակի ամբողջ արժեշղթան, այսինքն` իր վրա վերցնի ոչ միայն արտադրությունը, այլև սպառման խնդիրները: «Եվրոպական շատ երկրներում կան նման գյուղատնտեսական կոոպերատիվներ»,- ասաց նախարարը:

Խաչատրյանը գյուղատնտեսության զարգացման համար կարևորում է նաև գյուղատնտեսական որակյալ կրթության ապահովումը, քանի որ կրթության առկա մակարդակը բավարար չէ: «Գյուղատնտեսական կրթությունը խիստ կարևոր է: Ես այս հարցով նաև կրթության և գիտության նախարարի հետ եմ խոսել»,- հայտնեց նա: