Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այս համակարգն ամբողջությամբ ռեգրեսիվ համակարգ է, և առաջարկվող տարբերակով հարուստները և աղքատները սպառման ժամանակ վճարելու են միևնույն ծավալի հարկեր, և այս համակարգն անարդար, անարդյունավետ է»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդաշարի ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն՝ անդրադառնալով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նոր նախագծին:
Ըստ Սուրեն Պարսյանի՝ բարեփոխումների նպատակն է բարելավել գործարար և ներդրումային միջավայրը, միկրոբիզնեսը, սակայն ներառվում են այնպիսի դրույթներ, որոնք հակառակն են ապացուցում:
«Այս առաջարկվող տարբերակի արդյունքում հանվում է այն դրույթը, որ հարկային տարվա ընթացքում չի կարող նոր հարկատեսակ ներառվել կամ հարկային դրույքաչափերը բարձրացվել,- ասաց տնտեսագետը՝ հավելելով,- երբ մենք խոսում ենք, որ մեր տնտեսությունը պետք է ներառական լինի, այսինքն՝ բարեփոխումներից օգտվեն բոլորը, ստացվում է այնպես, որ այս բարեփոխումներից օգտվելու են միայն հարուստները»:
Տնտեսագետը նաև առանձնացնում է մեկ այլ կարևոր դրույթ, որն է ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումը: «Սրա արդյունքում ստացվում է այնպես, որ ցածր եկամուտ ունեցողը և բարձր եկամուտ ունեցողը մեկ շշի դեպքում վճարելու է նույնքան չափով հարկ»:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք սա սոցիալական արդարության խնդի՞ր չէ, Սուրեն Պարսյանը նշեց, որ անշուշտ անարդարություն է, և այսպիսի մոտեցում աշխարհում ընդամենը 5-6 երկիր ունի, ինչը խոսում է այս համակարգի կամ մոտեցման ոչ արդյունավետ լինելու մասին:
«Անշուշտ անարդար է, երբ 80 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչը և 1 միլիոն դրամ ստացող պետական չինովնիկը վճարում են միևնույն ծավալի հարկեր»:
Ըստ Սուրեն Պարսյանի՝ նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը պետք է վերանայել: Իներցիայով շարունակում են այդ քաղաքականությունն ավելի վատ դրսևորումներով, ինչն անշուշտ բերելու է մեր հասարակության մեջ սոցիալական խնդիրների սրմանը, որի պատճառով հարուստների ու չունևորների միջեւ անդունդն ավելի մեծանալու է: