կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-18 15:29
Հասարակություն

Դպրոցում կսովորեցնեն` ինչպես գումար վաստակել և ինչպես ծախսել ունեցած գումարը

Դպրոցում կսովորեցնեն` ինչպես գումար վաստակել և ինչպես ծախսել ունեցած գումարը

Այսօր ՀՀ ԿԳՆ-ն և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր` դպրոցներում ձեռնարկատիրական կրթության ներդրման և զարգացման վերաբերյալ:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ, այս ուսումնական տարվանից սկսած, տարրական դպրոցի 2-4-րդ դասարաններում «Շրջակա միջավայր», «Տեխնոլոգիա» և այլ առարկաների ծրագրերում փոփոխություն կլինի, և որպես ինտեգրվող բաղադրիչ` ձեռնարկատիրական կրթություն կստանան աշակերտները: Ըստ նախարարի` նոր առարկա չի դասավանդվելու. դասավանդվող առարկաների թիվն առանց այդ էլ շատ է, այն ուղղակի մյուս առարկաների ծրագրերում է ներդրվելու: Ծրագիրը, Մկրտչյանի հավաստմամբ, ներառում է և՛ ֆինանսական, և՛ ձեռնարկատիրական կրթություն, ու կարևոր է, որ այս երկուսի մեջ երեխան ունենա իր քաղաքացիական դաստիարակությունը` սոցիալական բաղադրիչը:

«Եթե ծրագիրը հաջողի, դպրոցներում կունենանք բիզնես մտածողություն և սոցիալական պատասխանատվություն կրող աշակերտներ: Տեսեք, երբ երեխան ստանա իր առաջին 100 դրամը, պետք է իմանա, թե ինչպես է այն ծախսելու, և շատ կարևոր է, որ մենք երեխային հասկացնենք` դրամը միջոց է, ոչ թե նպատակ: Երեխան պետք է սովորի, որ ապագայում իր ստացած գումարը օգտագործի ոչ միայն սեփական, այլ նաև հանրային օգտակարության համար»,- ասաց նախարարը` հավելելով, որ նման դաստիարակությունն ինչ-որ կերպ պատասխան է 21-րդ դարի մարտահրավերներին:

Մկրտչյանի կարծիքով` սկսած փոքր տարիքից` երեխայի մեջ պետք է ճիշտ վերաբերմունք դաստիարակվի դրամի, կապիտալի, ձեռնարկատիրության նկատմամբ:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանն էլ նշեց, որ արդեն 26 տարի է` մարզերում դասավանդվում է այս առարկան, բայց այսօր է, որ նոր փուլ է թևակոխում, քանի որ այն կդասավանդվի նաև տարրական դասարաններում: «Առարկան շատ է կարևորվում տարբեր երկրներում, այն փայլուն օրինակ է, թե ինչպես կարող է պաշտոնական մարմինը` ԿԳՆ-ն, աշխատել ՀԿ-ի հետ: Երեխաները պետք է փորձեն իրենց գիտելիքները կիրառել իրական կյանքում: Սա միայն գիտելիք չէ ձեռնարկատիրության մասին, քանի որ գիտենք` բոլոր երեխաները չէ, որ ձեռնարկատեր են դառնալու, բայց սրանք գիտելիքներ են, որ օգտակար են բոլոր անհատների համար, քանի որ բոլորս սպառողներ ենք և կարող ենք գրագետ սպառող դառնալ»,- ասաց Հովհաննիսյանը: