Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի կնքման գործընթացը նախաձեռնել է Դաշնակցությունը, քանի որ վերջին 27 տարում ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն են աշխատում Արցախի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ, իսկ թե ինչո՞ւ է հիմա նախաձեռնվում, որովհետև 20 տարի ՀՀ-ն ղեկավարում էին երկու քաղաքական գործիչներ՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որոնց քաղաքական կենսագրությունը ստեղծվել է Արցախում, նրանք ղեկավարում էին Արցախը, այնուհետ` ՀՀ-ն, և քաղաքական ուժերի ու հասարակության հիմնական մասը վստահ էր, որ առնվազն Արցախի հարցում նրանք անում են հնարավոր ամեն ինչ, որ ամրապնդեն Հայաստան-Արցախ կապը և ՀՀ-ից անհրաժեշտ միջոցներ տրամադրեն՝ նյութական, տնտեսական, քաղաքական. «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումում նման տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ Սեյրան Բաղդասարյանը:
«Եվ շատ դեպքերում Արցախի հարցում նրանց նկատմամբ հենց այս վստահությունն էր, որ մենք աչք էինք փակում հոռի բարքերի վրա, որոնք առկա էին ՀՀ-ում և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին: Հիմա 30 տարվա պայքարից հետո մենք դեմ հանդիման ենք մի իրողության, երբ Արցախի Հանրապետությունն ավելի պաշտպանված է Ադրբեջանից, քան ՀՀ-ից եկող քաղաքական քամիներից: Եվ եթե այսօր ՀՀ վարչապետն իր զավակին ուղարկում է Արցախ` ծառայելու, ինչը ողջունելի է, բայց միաժամանակ տեսնում ենք, որ երևանյան փաբերում մեծացած նոր սերնդի մի մասը՝ ագրեսիվ, քաղքենի, մտածում է, որ, Արցախի հարցն արագ փակելով և լուծելով, Սերգոն լավ կապրի, ինչպես ասվել էր ՀՀ առաջին նախագահի կողմից Գերագույն խորհրդում, այսինքն՝ ժողովուրդը: Այս գայթակղությունը կա ՀՀ-ում և Հայաստանի հասարակությունում, ու բոլորս դա գիտենք: Ըստ այդմ՝ պետք է ինստիտուցիոնալ հիմքի վրա դրվեն Հայաստան-Արցախ փոխհարաբերությունները, որոնք այլևս կախված չլինեն այն բանից, որ, ասենք, ՀՀ-ի այս կամ այն ղեկավարը կասի՝ չեմ ուզում Արցախին օգնություն տրամադրել և լուծում եմ ՀՀ քաղաքացիների կենսաթոշակի խնդիրը»,- նշեց նա: