կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-10 13:02
Քաղաքական

Բարձրացնելու ենք Երևան քաղաքի արդյունավետ կառավարման հարցը. Դավիթ Խաժակյան

Բարձրացնելու ենք Երևան քաղաքի արդյունավետ կառավարման հարցը. Դավիթ Խաժակյան

Քաղաքը փոփոխությունների կարիք ունի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ելք» դաշինքից ավագանու թեկնածու Ալեն Սիմոնյանը:

Ըստ նրա` մեծ խնդիրներ կան բոլոր ոլորտներում` սկսած տրանսպորտից, ճանապարհներից, ինչպես նաև` բազմաթիվ տեսախցիկներ, արագաչափեր, կարմիր գծեր, որոնք քաղաքացիների համար մեծ բեռ են:

«Բացի տնտեսական բաղադրիչից, կա նաև քաղաքական գործոն այս ամեն ինչում: Քաղաքական առումով շատ կարևոր է: ՀՀ մայրաքաղաքը, որն ընտրողների գրեթե 1/3-ն է ապահովում, հետաքրքիր է, թե ինչ որոշում կկայացնի: Ես վստահ եմ, որ մենք ռեալ շանս ունենք հաղթելու»,- ասաց Սիմոնյանը, ապա հավելեց, որ ԱԺ ընտրություններն էլ ցույց տվեցին, որ իրենք կարողանում են իրենց օգտին քվեարկածների ձայները պահել:  

«Ելք» դաշինքից մեկ այլ թեկնածու` Դավիթ Խաժակյանն էլ նշեց, որ քաղաքի զարգացման` իրենց  տեսլականն առնչվում է քաղաքի արդյունավետ կառավարմանը: «Քարոզարշավի ընթացքում բարձրացնելու ենք Երևան քաղաքի արդյունավետ կառավարման հարցը: Մենք տեսնում ենք, որ քաղաքի բյուջեն արդյունավետ չի օգտագործվում, ձմռանը մենք տեսնում ենք ֆլամինգոներ, այժմ մենք տեսնում ենք զարդարանքներ, որոնք ուղղակի անհարիր են խնդիրներ ունեցող քաղաքում: Այս խնդիրները բարձրացնելով` գնալու ենք ՏԻՄ ընտրություններին»,- հայտարարեց նա:

Խաժակյանը նշեց, որ իրենք Երևան քաղաքից  խորհրդարան անցած 4 թեկնածու ունեն, ինչը իրական է դարձնում ավագանու ընտրություններին մեծամասնություն կազմելու և քաղաքապետ ունենալու իրենց շանսերը:

Իսկ մյուս քաղաքական ուժերի չմասնակցելը Ալեն Սիմոնյանը համարեց հնարավորություն «Ելք»-ի համար: Ըստ նրա` իրենք մեծ շանսեր ունեն հաղթելու ավագանու ընտրություններում, եթե երևանցին ճիշտ քվեարկի: