կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-06 21:56
Առանց Կատեգորիա

Հետընտրական «թամաշա» կամ ինչ չեն կիսում «Ելք»-ն ու ՕՐՕ-ն

Հետընտրական «թամաշա» կամ ինչ չեն կիսում «Ելք»-ն ու ՕՐՕ-ն

Խորհրդարանական ընտրությունները գործնականում դեռ չավարտված (քվեների իսկության ճշգրտման, վերահաշվարկի գործընթացներ են գնում)՝ ընդամենը 2 տոկոս վստահության քվե ստացած  և պարտություն կրած «ՕՐՕ» դաշինքի այսպես կոչված «ժառանգական» թևի և ԱԺ անցած «Ելք» դաշինքի միջև հետընտրական «պատերազմ» է սկսել: Նախօրեին ասուլիսի ժամանակ ՕՐՕ-ի նախընտրական ցուցակի երկրորդ համարն զբաղեցրած Արմեն Մարտիրոսյանը հայտարարել էր, թե «Ելք»-ն անցել է խորհրդարան, քանի որ նրա թիկունքում եղել է  Վատիկանում Հայաստանի դեսպան, նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: «Ելք»-ի սարկազմիկ պատասխանը չուշացավ: Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց, որտեղ ակնարկելով 2013թ. ընտրություններից հետո Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ոստիկանապետի հետ աղոթելով «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննսիյանի կողմից ձայները փոշիացնելու մասին, «ժառանգականներին» մեղադրեց Միքայել Մինասյանից կախվածության մեջ:

Այս տրագիկոմեդիան կուլմինացիային հասավ, երբ Վատիկանից միջամտեց Միքայել Մինասյանն ինքը: Պնդելով, որ կողմերից որևէ մեկի հետ կապ չունի՝ նա Արմեն Մարտիրոսյանին և Նիկոլ Փաշինյանին հորդորեց իր անունն ավելորդ չշահագործել իրենց հարաբերություններում, քանի որ դա վնասում է իր դիվանագիտական աշխատանքին: Մինասյանի այս հայտարարությունը նման էր իրարից բաժանելու և հաշտեցնելու համար միմյանց աքացի տվող երկու չարաճճի երեխաներին «հայրական» ապտակ հասցնելուն:

Զավեշտալին այն է, որ ընտրարշավի մեկնարկից առաջ «Ժառանգությունը» «Ելք»-ի հետ երկար-բարակ բանակցում էր միասնական դաշինքով ընտրություններին մասնակցելու շուրջ: Եվ միայն բանակցությունների տապալումից հետո «Ժառանգությունը» թեքվեց դեպի Օհանյան-Օսկանյան տանդեմը: Եթե նրանք համոզված էին, որ «Ելք»-ը Մինասյանի պրոյեկտն է և դա համարում են այդքան արգահատելի, ապա ինչո՞ւ էին ուզում անպայման հենց նրանց հետ նախընտարական դաշինք կազմել: Նույնը հարցադրումը ակտուալ է նաև «Ելք»-ի պարագայում: Ի դեպ հետաքրքրական է, որ հենց վերջինս է պարբերաբար հայտնվում նման կազուսային իրավիճակներում: Հիշեցնենք, որ երբ ԿԸՀ-ում գրանցվելու վերջնաժամկետից ընդամենը մեկ օր «Ելք»-ը  մերժեց ԱԻՄ-ի՝ միասնական դաշինքով ընտրություններին մասնակցելու առաջարկը, վերջինիս նախագահ Պարույր Հայրիկյանը նրան ոչ ավել ոչ պակաս մեղադրեց Ազգային անվտանգության ծառայության պատվերը կատարելու մեջ: Փաստորեն նմանատիպ մեղադրանքների միջով անցնելը դառնում է «Ելք»-ի յուրատեսակ ճակատագիրը:

Պարզ է, որ ՕՐՕ-ի «ժառանգականների» կողմից «Ելք»-ը թիրախավորելու պատճառը մարդկային չարախնդությունն է: Նրանք չեն կարողանում ներել, որ չնայած նախկինում Րաֆֆի Հովհաննիսյանն ուներ չափազանց բարձր վարկանիշ, որն էլ, ըստ ՕՐՕ-ի հաշվարկների նրանց առջև պետք է բացեր ԱԺ-ի դռները, այնուամենայնիվ ոչ միայն չկարողացան հաղթահարել անհրաժեշտ նվազագույն շեմը, այլև խայտառակ ցածր տոկոսներով քվե ստացան: Այնքան ցածր, որ անգամ հետընտրական պրոցեսներ զարգացնելու նախընտրական սպառնալիքները գործադրելու համար բավարար չէ: Եվ ահա փոխանակ խայտառակ ձախողման պատճառներն իրենց մեջ փնտրելու, ՕՐՕ-ն փորձում է սեփական պարտությունն արդարացնել և դրանից հանրային ուշադրությունը շեղել «Ելք»-ին վարկաբեկելու միջոցով: Այս պահվածքը տիպական է հայաստանյան քաղաքական մշակույթին. երբեք չընդունել սեփական սխալները, փոխարենը ամեն ինչ անել պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու համար:

Հետաքրքրականն այն է, որ չնայած ՕՐՕ-ն իշխանությանն է փաստացի մեղադրում քվեարկության արդյունքները կեղծելու մեջ, կամ առնվազն կասկածում դրանում, բայց քննադատության սլաքներն ուղղում է ընդամենը 9 պատգամավորով ԱԺ անցած նորաստեղծ դաշինքի դեմ: Համարձակությո՞ւնն է այդքանին բավարարում...:

Նույնքան անհասկանալի է, ի դեպ ՕՐՕ-ի՝ միանգամայն բացատրելի ներքին հոգեբանական պատճառներ ունեցող այս ջղաձգումներին «Ելք»-ի չափազանց ցածր մակարդակի արձագանքը: 120 հազար քվե ստացած և Աժ անցած ուժի համար նման ոճի արձագանքը նշանակում է քաղաքական բանավեճն իջեցնել ընդամենը ինչ-որ մեկի պրոյեկտ լինել-չլինելու մեջ փոխադարձ մեղադրանքների ու վիրավորանքների մակարդակի: Այն, որ «Ելք»-ում կա այս հակումը, պարզ էր դեռ ՏԻՄ ընտրություններից, երբ այս դաշինքի մաս կազմող ՔՊ և ԼՀ կուսակցությունները միմյանց մեղադրում էին իշխանությանը ծախվածության մեջ՝ կրկին առանց որևէ հիմնավոր փաստարկ ներկայացնելու: Հետո այդ նույն ոճով «Ելքը» սկսեց անվանարկել ընտրարշավին մասնակցող այլ ուժերի, այդ թվում նաև «Ծառուկյան» դաշինքին, ՀՅԴ-ին, ՕՐՕ-ին: Այսպիսի՞ բանավիճային կուլտուրա է «Ելք»-ը տանում  խորհրդարան, այն էլ այն դեպքում, երբ մասամբ նաև այս դաշինքի հետ է առնվազն 120 հազար մարդ կապում խորհրդարանն ավելի քաղաքական դարձնելու հույսերը՝ հաշվի առնելով հատկապես դաշինքի թիմի որակական հատկանիշներն ու ներուժը: Սա՞ է այդ մարդկանց «Ելք»-ի պատասխանը:

Բայց ամենակարևորն անգամ սա էլ չէ: Այս «կռիվ-կռիվ» խաղը երկու ուժերը ծավալել են մի իրավիճակում, երբ, ըստ էության, ընտրություններով հանրությունը փաստացի տոտալ անվստահություն հայտնեց այն քաղաքական համակարգին ու մշակույթին, որն առկա էր Հայաստանում, որի տիպիկ դրսևորումներից է հենց նման մակարդակի ճղճիմ «բանավեճը», և որից մինչև կոկորդը մարդիկ կշտացել են: Իրենց հետընտրական ներկայիս վարքով այս ուժերը փաստացի համառորեն ուզում են հասարակությանը համոզել, որ քաղաքական դաշտն իսկապես արժանի էր նրանց ապատիային և այսպիսի դեմարշին:

Գևորգ Դարբինյան