Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվ այսպես` փետրվարի 18-ին ընտրությունների ենք: Նախագահի միակ պաշտոնի համար պայքարում է 6 մարդ, իսկ յոթերորդն արդեն զբաղեցրել-պրծել է այդ աթոռը և ուղղակի դիտորդի կարգավիճակով է հետևելու իրադարձությունների ընթացքին: Իսկ բուն պայքարը դեռ առջևում է: Նկատի ունենք 2-7-րդ տեղերի համար պայքարը, այսինքն` այն ողջ խեղկատակությունը, որ հրամցվել է մեզ որպես այլընտրանք: Թամաշա… Բայց ի՜նչ գզվռտոց է լինելու:
Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը 100 տոկոսով լինելու է երկրորդը: Բայց մենք հո գիտենք, որ Ադիբեկյանի հաշվարկները, իրականության հետ համեմատած, միշտ 50 տոկոսի սխալ են պարունակում: Հետևաբար «Ժառանգության» առաջնորդն ընդամենը 50 տոկոսի շանս ունի՝ 2-րդ տեղը գրավելու: Մյուս 50 տոկոսը պետք է բաժանել մնացած 5-ի մեջ:
Բագրատյանն, օրինակ, ինչքա՞ն կհավաքի: Նույն Ադիբեկյանն ասում է՝ եթե ՀԱԿ-ի և «Բարգավաճի» անտեր մնացած ընտրախալխը նրան ձայն տա, կարող է ընդհուպ մոտենալ Րաֆֆիին: Դե, իհարկե, եթե կովն էլ մի բան ունենար, նրան որձ կով կասեին: Հեշտ է ասել՝ ձայն տան: Հիմա իսկի կինը ամուսնուն անվճար ոչինչ չի տալիս: Բագրատյանն այդքան փող ունի՞, որ ԲՀԿ-ի՝ փողի սովոր ընտրախավն իրենով անի:
Այ, էպոսագետն ուրիշ բան: Ասում են` կարգին հարուստ տղա է՝ դուբայներ, թանկարժեք ավտոմեքենաներ… Նույնիսկ նախկին ոստիկաններն են ֆեյսբուքներում իրար անցել, թե այդ ինչպես չեն իմացել, որ էպոսագետ լինելն այդքան շահավետ է: Գուցե նա՞ փորձի իր հետևից տանել Սանասարի և Բաղդասարի անտեր թողած ընտրախալխը: Էպոսագետի էմիր ընկերները որ մի քիչ շարժվեն, կարծում ենք՝ գործը գլուխ կգա, և Րաֆֆի Հովհաննիսյանը, ում հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ հաջողվել է սեփական կուսակցության ցուցակից դուրս թռչել, լուրջ դժվարություններ կունենա երկրորդ տեղ գրավելու գործում: Ուստի Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է մոմ վառի Հայրիկյանի նկարի առաջ, որովհետև Հայրիկյանն է նրա փրկիչը: Փրկիչն այն իմաստով, որ փողով ընտրողներին ոչխարներից ավելի ցածրակարգ կենդանի է անվանել և ներողություն խնդրել ողջ աշխարհի ոչխարներից, քանզի մի անգամ նրանց համեմատել է փողով ընտրության գնացող հայ ընտրողների հետ:
Մյուս երկու թեկնածուները դեռ ոչինչ չեն ասել. կա'մ մտածում են խուսափել թամաշայից, կա'մ սպասում են հարմար պահի: Մի խոսքով՝ մեզ հետաքրքիր ընտրություններ են սպասում:
Խաչիկ Ասրյանն ասում է՝ այդ ընտրություններին պետք է գնալ սպիտակ մեխակներով: Հետաքրքիր է, թե հայոց արծիվն ո՞ւմ վրա է ուզում դնել իր սպիտակ մեխակները: Հավանաբար՝ 2-7-րդ տեղեր գրավածների: Մի քիչ տխուր կլինի, իհարկե, բայց ի՞նչ կարող ես անել՝ մեծ գործերը շատ զոհեր են պահանջում՝ անկախ զոհի անձնական չափերից:
Ոչ մի Շեքսպիր այսպիսի տրագեդիա չէր կարող գրել: Բոլորը գնում են ընտրությունների, բայց բոլորը գիտեն, որ փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանը, ասես` ոչինչ էլ չի եղել, գնալու է աշխատանքի…
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ