կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-23 12:38
Քաղաքական

ՕՐՕ-ն և կոմունիստները չեն անցնի խորհրդարան. քաղտեխնոլոգ

ՕՐՕ-ն և կոմունիստները չեն անցնի խորհրդարան. քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քարոզարշավի ընթացքին, քաղաքական ուժերի` խորհրդարան անցնելու շանսերին:

Ըստ քաղտեխնոլոգի` քարոզարշավի առաջին փուլը բավականին խաղաղ է անցել, և այն հիմնական քաղաքական ուժերը, որոնք հավակնում են առաջին և երկրորդ տեղերին, իրար նկատմամբ կոռեկտ ու տոլերանտ են:

«Ինչքան մոտենա ընտրությունների օրը, այդքան ամեն ինչ կսրվի: Սա պայմանավորված է նրանով, որ ընտրարշավի սկզբնական 10 օրվա արդյունքները վերլուծվել են մասնակցող թիմերի կողմից, բոլորը հասկացել են, թե իրականում ինչի կարող են հավակնել և ինչ է պետք փոփոխել: Դրանով է պայմանավորված, որ այսօր շատերը բավականին նյարդային դրսևորումներ են ցույց տալիս»,- ասաց Հակոբյանը` հավելելով` նախընտրական տրամաբանությունը հուշում է, որ ինչքան ընտրության օրը մոտենա  այդքան կրքերը կթեժանան, իսկ ընտրապայքարի վերջին օրերին` 26, 27-ից հետո, արդեն ընտրակաշառքի թեման արդիական կլինի:

Ըստ քաղտեխնոլոգի`եթե հիմա միայն հավաքագրում են մարդկանց, ապա վերջին օրերին կսկսեն բաժանել ընտրակաշառքը:

Ինչ վերաբերում է հիմնական լիդերներին, ապա ոչ մեկի համար անակնկալ չէ, որ ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքն են այդ ուժերը. նրանց մուտքը խորհրդարան երաշխավորված է: «Մնացած քաղաքական ուժերը վստահաբար չեն կարող ասել, թե այդ հարցը լուծել են»,- ասաց նա, այնուհետև նշեց, որ ևս 4-5 կուսակցություն այժմ պտտվում են անցողիկ շեմի շուրջ:

Ըստ Հակոբյանի` Հանրապետականն կուսակցությանը հաջողվեց իրենց մարտավարությունը կյանքի կոչել: «Դա այն է, որ նրանց հաջողվեց մարդկանց համոզել, որ իրենք փոխվում են: Այստեղ լոկոմոտիվ է աշխատում` վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրան չեն ասոցացնում ՀՀԿ-ի հետ: Սոցիոլոգիական հարցումներով` Հանրապետականի ռեյտինգը մոտ 22% է, վարչապետինը` 80:  Սա նշանակում է, որ մեր հանրությունն այս ընտրությունները որպես քաղաքական ուժերի մրցակցություն չի դիտարկում, դիտարկում է վարչապետի թեկնածուների մրցակցություն»,- նշեց նա, ապա ընդգծեց, որ հանրապետականների գլխավոր խաղաքարտն այն է, որ իրենք հայտարարեցին իրենց վարչապետի թեկնածուի անունը` իմանալով, որ նա որոշակի վստահության պաշար ունի:

Հակոբյանի տեսակետից` այդ նույն տեխնոլոգիան օգտագործում է նաև «Ծառուկյան» դաշինքը, և այդ պատճառով է Ծառուկյանն անձամբ իր դաշինքի քարոզչությունն իրականացնում:

Yerkir.am-ի հարցին` ո՞ր կուսակցությունները կամ դաշինքները չեն անցնի խորհրդարան, նա պատասխանեց. «Կարծում եմ` միայն Կոմունիստական կուսակցությունը և ՕՐՕ դաշինքը չեն անցնի, մնացածը հավակնում են հաղթահարել անցողիկ շեմը»: