կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-03 15:01
Առանց Կատեգորիա

Ինչի՞ մասին են խոսում ընտրությունների արդյունքները

Ինչի՞ մասին են խոսում ընտրությունների արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակեց Ազգային Ժողովի ընտրությունների նախնական արդյունքները: 6-րդ գումարման ԱԺ-ն կազմված կլինի 4 քաղաքական ուժերից՝ ՀՀԿ, ՀՅԴ կուսակցություններ,  «Ծառուկյան» և «Ելք» դաշինքներ: Այս ուժերի վերջնական դասավորությունն ԱԺ-ում պարզ կդառնա առաջիկայում` ընտրական օրենսգրքով սահմանված կարգով կատարվելիք մաթեմատիկական հաշվարկներից: Այսուհանդերձ, ապրիլի 2-ին կայացած ընտրությունները և արձանագրված արդյունքները թույլ են տալիս անելու մի քանի դիտարկում:

1. Արդարացվեցին սպասելիքները ընտրական նոր համակարգից այն մասով, որ զգալիորեն նվազեցվել են ընտրատեղամասում նախկինում արձանագրվող ընտրախախտումները՝ կապված լցոնումների, կրկնաքվեարկությունների, մահացածների և արտերկրում գտնվողների փոխարեն քվեարկելու հետ: Այս կեղծարարական մեխանիզմների գործադրման չեզոքացումը փոքրացրել է նաև ընտրատարածքներում և դրանց հարակից տարածքներում արձանագրվող բռնությունների, բախումների շրջանակը: Ընտրախախտումների ծանրության կենտրոնը ընտրական իրավական համակարգից տեղափոխվել է ընտրական մշակույթի ու ավանդույթների` այս պահին անվերահսկելի թվացող և հենց դրանով երկարաժամկետ կտրվածքով վտանգավոր տարածություն:  

2. Նոր ընտրական համակարգը չհանգեցրեց քվեարկությանը մասնակցող ընտրողների թվի էական փոփոխության, ինչի անխուսափելիության մեջ համոզված էր քաղաքական ուժերի մեծ մասը: Եթե 2012թ. ընտրություններին մասնակցել էր ընտրողների մոտ 62.5 տոկոսը, այս անգամ նրանց թիվը գրեթե 61 տոկոս էր. տարբերությունն ակնհայտորեն մեծ չէ: Բայց սա ոչ թե ընտրություններին չմասնակցածների փոխարեն քվեարկելու արդյունք էր, այլ` իրական ընտրողների մասնակցության աննախադեպ մեծ չափի: Եթե նկատի ունենանք ոստիկանության այն հավաստիացումը, որ 2.5 մլն ընտրողների թիվը ներառում է նաև Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիներին, ապա պարզ է դառնում, որ ԱԺ այս ընտրություններին մասնակցել է Հայաստանում գտնվող ընտրողների մոտավորապես 70-80 տոկոսը: Համացանցում և հեռուստատեսությամբ ցուցադրվող տեսանյութերից պարզ երևում էր, որ ընտրատեղամասեր քվեարկության էին գալիս նույնիսկ գրեթե շարժվել չկարողացող, զառամյալ ծերունիները, հաշմանդամները:

3. Նման ցուցանիշը պայմանավորված է ընտրողների հավաքագրման, ցուցակագրման, մոբիլիզացման, նյութական շահագրգռմամբ ուղղորդման նպատակով ֆինանսական և վարչական հսկայական ռեսուրսների տիրապետող մասսայական կուսակցությունների, հիմնականում` ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների շտաբների իրականացրած աննախադեպ ագրեսիվ աշխատանքով: Ոչ երկրորդական դեր է կատարել նաև ընտրակաշառքը, սակայն, ինչպես լինում է միշտ, քանի դեռ չկա արձանագրված փաստ, որևէ մեկին դրանում մեղադրել գործնականում հնարավոր չէ: Հավաքագրումն առավել վայրի դրսևորումներ է ունեցել մարզային ավելի քիչ վերահսկվող կամ չվերահսկվող գյուղական համայնքներում, ինչի վկայությունն էր բազմաթիվ համայնքների՝ հրապարակված արդյունքներով ՀՀԿ-ի օգտին տրված մոտ 70-80 տոկոս քվեն:  Ամեն դեպքում` անհատական բարձր ցուցանիշներ արձանագրելու, թիմի ներսում առավելագույն արդյունքներ ունենալով` ԱԺ անցնելու հնարավորություն ձեռք բերելու`  ռեյտինգայինների ներքին մրցակցությունն ամենամեծ ծառայությունը մատուցեց նրանց առաջադրած կուսակցություններին: Կարելի է համարձակ ասել, որ ԱԺ ընտրութունների այսպիսի պատկերը, ՀՀԿ-ի տարած հաղթանակը մեծ չափով ապահովեցին հենց ռեյտինգային թեկնածուները՝ համամասնական ընտրությունները գործնականում վերածելով անհատների ընտրության: Այս ընտրություններով հաստատվեց ընտրողների խոցելիությունը, անպաշտպանությունը ապաքաղաքական, հիմնականում` հոգեբանական ճնշման ներգործության վրա հիմնված տեխնոլոգիաների առջև: Այս հարցը դառնում է ներքաղաքական օրակարգի ամենահրատապ խնդիրը: Ընտրությունների վրա ռեյտինգային թեկնածուների ունեցած հսկայական, համամասնական ընտրակարգի տրամաբանությունից դուրս եկող ազդեցությունը փաստում է, որ ընտրական օրենսգիրքն ունի լրջագույն վերանայումների կարիք:

4. ՀՀԿ-ի այս հաղթանակը ցույց տվեց, որ իշխող կուսակցությունը վերահսկում է իրավիճակը, և ընտրություններից առաջ ներքին վերափոխումների որոշակի ցնցումներն էական ազդեցություն չեն թողել թիմի մոբիլության, միասնականության վրա: ՀՀԿ-ի հաջողության երկրորդ գրավականը վարչապետ Կարեն Կարապետյանի անհատական բարձր վարկանիշն էր: Արդյունքների վրա նրա վարկանիշի զգալի ազդեցությունն ամրապնդում է Կարապետյանի դիրքերը ՀՀԿ-ում, թույլ տալիս նրան պահպանել ՀՀԿ էլիտայի որակական փոփոխության կուրսը: Սակայն ռեյտինգային թեկնածուների հզոր ազդեցությունը հաստատում է, որ այդ բարեփոխման ճանապարհին ամենամեծ մարտահրավերը շարունակելու է մնալ օլիգարխիայի հնարավոր ուժեղ դիմադրությունը: Կարապետյանի կառավարությունն իր ծրագրերն իրականացնելիս անգամ մեծագույն ցանկության դեպքում չի կարող հաշվի չառնել ԱԺ մեծամասնության մեջ նրանց տեսակարար կշիռը:

5.  ՀՅԴ-ի և «Ելք»-ի` ԱԺ անցնելը, որքան էլ համեստ ցուցանիշներով, որակ է հաղորդելու նոր ԱԺ-ին՝ մեծացնելով նրա քաղաքական դերը: Եթե ՀՅԴ-ի վարքագիծը պառլամենտում կանխատեսելի է՝ հաշվի առնելով նախորդ տարիների նրա փորձը, ապա «Ելք»-ի երիտասարդ ներուժը, կրեատիվ մտածողությունը, նախաձեռնողականությունը նոր շունչ են հաղորդելու պառլամենտին: ՀՅԴ-ին ԱԺ բերեց նրա կայուն, վստահելի և արժեքավոր ընտրազանգվածը, ինչպես նաև հաշվետվողականության վրա խարսխված ընտրարշավը: «Ելք»-ը` որպես քաղաքական միավոր, նախընտրական պրոցեսի արգասիք է, և գոյության կարճ ժամանակահատվածի համեմատ, թիմային կազմակերպված աշխատանքի, որոշումների կայացման ժողովրդավարական մեխանիզմների կիրառման և հետաքրքիր ու ագրեսիվ քարոզարշավի շնորհիվ արձանագրած նրա արդյունքը փոքր չպետք է համարել: «Ելք»-ը ԱԺ-ում կներկայացնի, այսպես կոչված, արևմտյան վեկտորը և կնպաստի քաղաքական մշակույթի ձևավորմանը:

6. ԱԺ չանցան 5-րդ գումարման ուժերից երեքը՝ «Ժառանգությունը», ՕԵԿ-ը՝  վերափոխված ՀՎԿ-ի, և ՀԱԿ-ը: Հասարակությունը, ի դեմս նրանց,  մերժեց անուղղելի, անբովանդակ պոպուլիզմը, քաղաքական անկայությունն ու ծայրահեղականությունը և ԼՂ հարցում անհամաչափ զիջողականությունը: ՀԱԿ-ը տապալեց ԼՂ հարցով «Խաղաղություն տարածքների դիմաց» բանաձևի «հանրաքվեն»: Սա կարևոր ուղերձ է միջազգային հանրությանը և Ադրբեջանին: Կարելի է ասել, որ ՀՀՇ-ի, ՕԵԿ-ի, Կոմկուսի դարաշրջանն ավարտվեց: Ցավալի է, որ ջախջախիչ պարտություն կրեց, ընդհանուր առմամբ, լիբերալ դաշտը: Սպասելի, բայց ամեն դեպքում ցավալի էր «Ազատ դեմոկրատներ»-ի պարտությունը, որի հիմնական պատճառը, թերևս, հստակ արևմտամետ օրիենտացիան էր: Սակայն ԱԺ-ն զրկվեց այդ կուսակցության մեջ ընդգրկված փորձագիտական, մտավորական լուրջ, արժեքավոր շրջանակից:      

Գևորգ Աղաբաբյան