Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում ռեյտինգային ցուցակով առաջադրված ՀՅԴ-ական Բագրատ Եսայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով ընտրողների իրավագիտակցության մակարդակի բարձրացման, դրան ուղղված հստակ քայլեր անելու անհրաժեշտությունից, ընդգծեց, որ փոխված Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքը ստեղծել են այնպիսի հնարավորություններ, որ մարդկանց իրավունքները հնարավորինս քիչ ոտնահարվեն: Եսայանը, սակայն ընդգծեց նաև, որ օրենք ունենալը մի բան է, բայց այն կիրառելու մշակույթ ունենալը բոլորովին այլ բան: «Այլ հարց է՝ հասարակությունն ինչքանով է պատրաստ օրենքի ընձեռած հնարավորություններն օգտագործել՝ արդար իշխանության հասնելու համար»,- ասաց նա:
Եսայանի խոսքով՝ չնայած ռեյտինգային ընտրակարգն իդեալական գործիչ չէ ընտրական իրավունքը հարյուր տոկոսով իրացնելու համար, բայց «խոշոր հաղթանակին հասնելու համար» նրանք կողմ են քվեարկել դրան: «Սա միջանկյալ կարգ է, բայց թե ռեյտինգային ընտրակարգն ինչպես կզարգացնենք, այլ հարց է»,- ասաց նա՝ հավելելով, որ նոր Սահմանադրության ստեղծած գործինքերն ավելի արդյունավետ են ու լավը, քան նախորդինը: Եսայանի խոսքով՝ ՀՅԴ-ն առաջարկում է տնտեսական համակարգն այնպես փոխել, որ հարստություն դիզելու անվերահսկելի հնարավորություն որևէ մեկը չունենա, արդար արդյունքի արդար բաշխման համակարգ ստեղծվի, որպեսզի չլինեն ծայրահեղ հարուսներ և ծայրահեղ աղքատներ:
Եսայանը խոսեց նաև հրապարակված այն ձայնագրությունների մասին, ըստ որոնց՝ դպրոցի տնօրենները զբաղված են ձայների հավաքագրմամբ: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի իր ձայնի արժեքը և որևէ պարագայում չվաճառի այն, անկախ նրանից՝ ով է նրան դրդել կամ խնդրել անել դա: «Դաշնակցությունը որևէ վարչական լծակ չի օգտագործում: Նախ եթե ասում եք՝ ոլորտի պատասխանատուն Դաշնակցությունն է, նույն տրամաբանությամբ էլ օրինակ դպրոցի տնօրենները պետք է ձայներ հավաքեին կամ ցուցակներ կազմեին Դաշնակցության օգտին, բայց փաստ այն է, որ այդպիսի բաներ չեն լինում»,- ասաց Եսայանը՝ հավելելով, որ դպրոցների ճնշող մեծամասնությունը ենթարկվում է քաղաքապետարանին և մարզպետարաններին:
«Եթե կրթության նախարարությունը ճշտում է կրթության չափորոշիչները, դեռևս վարչական լծակի կիրառում չէ՝ տնօրեներին նշանակալելու, ազատելու, պատասխանատվության ենթարկելու, ստիպելու որ կուսակցությանն անդամագրվի: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է վարչական լծակին, որը կրթության նախարարի ձեռքում չէ»,- ասաց նա: