Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտը նախաձեռնել է քննարկումների շարք, որոնք նպատակ ունեն աշխատանքային և մասնագիտական մակարդակում բարձրացնել ոլորտային խնդիրները և դրանց շուրջ ծավալել շահագրգիռ քննարկում:
Շարքի հերթական քննարկում-սեմինարը տեղի է ունեցել այսօր՝ «Դպրոցականների առողջության պահպանման խնդիրներն ուսումնական գործընթացում» թեմայով: Քննարկմանն մասնակցել են ՀՀ կրթության և գիտության, առողջապահության նախարարությունների, մարզային կրթության վարչությունների, Սննդի անվտանգության պետական տեսչության, Երևանի քաղաքապետարանի և տարբեր դպրոցների ներկայացուցիչներ:
Բացման խոսքում Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, շեշտելով ուսումնական գործընթացի և դպրոցականների առողջության փոխկապակցվածության հարցը, ընդգծել է պետության կողմից սահմանված նորմատիվ պահանջների պահպանման կարևորությունը.
«Այս քննարկումների նպատակն է բարձրաձայնել խնդիրները և փորձել իրականացնել այն, ինչը սահմանված է իրավական ակտերով: Այս գործընթացում ամենակարևորն այն է, որ պետք է փորձենք ազնիվ լինել նորմատիվային պահանջների և համակարգում առկա իրականության հետ:Ի վերջո, եթե տարբեր պատճառներով չենք կարող որոշ նորմատիվներ իրագործել և իրավիճակը բարելավել դրական առումով, գոնե չվնասենք: Մենք պետք է ազնվորեն նշենք, որ միգուցե չենք կարող պահպանել որոշ նորմատիվային պայմաններ, որովհետև չունենք համապատասխան հնարավորություններ, բայց կան նաև խնդիրներ, որոնք կարող են լուծում ստանալ:
Օրինակ դասացուցակի կազմման պահանջները՝ առարկաների ուսումնառության մատչելիության ճիշտ հերթականությամբ, կրկնակի դասերի նվազագույնի հասցնելու, իսկ կրտսեր դպրոցում իսպառ բացառելու սկզբունքով, որովհետև դա նորմատիվ պահանջ է: Խնդիրներն, իհարկե, տարբեր են. մենք մի դեպքում կարող ենք և պարտավոր ենք նորմատիվները պահպանել անշեղորեն, կան նաև դեպքեր, երբ պետք է խոստովանել, որ դրանք կամ հին են, կամ ոչ իրատեսական, կամ էլ դրսից բերված և տեղայնացված չեն: Հետևաբար, պետք է դրանք վերանայել՝ նպատակ ունենալով պահպանել սովորողի առողջությունը»,- իր խոսքում նշել է Նորայր Ղուկասյանը:
ԿԱԻ տնօրենը կարևորել է նորմատիվ ակտերի իմացությունը, որը կարևոր է դասացուցակները կազմելու համար՝ ուսումնական շաբաթվա առավել ընկալունակ օրերի իմացությունն ուսումնական գծով փոխտնօրենի համար պարտադիր է: Կան նաև տարբեր խնդիրներ՝ պայմանավորված դասագրքերի տեխնիկական, սանիտարահիգենիկ և բովանդակային պահանջներով, ինչպես նաև աշակերտների խտության, դպրոցական սննդի կազմակերպման և բազմաթիվ այլ հարցերով: Ն. Ղուկասյանի խոսքով՝ պետք է հստակեցնել, թե պետության կողմից ինչ քայլեր են ձեռնարկվել դպրոցականների առողջության պահպանման ուղղությամբ, ըստ պատասխանատվության ոլորտների և ինչ քայլեր են ձեռնարկվելու բացասական գործոնները վերացնելու ուղղությամբ: Կան խնդիրներ, որոնց լուծման հասցեատերը մեկ մարմին չի կարող լինել, դրանք համատեղ և համագործակցված լուծումներ են պահանջում. «Ի վերջո, եթե սովորողի առողջությունը լիովին ապահովված չէ, որակի և արդյունավետության մասին չի կարող խոսք լինել»,- շեշտել է Ն. Ղուկասյանը:
Սեմինարի ընթացքում գլխավոր զեկույցով հանդես է եկել ԿԱԻ առողջության և սոցիալ-հոգեբանական հետազոտությունների բաժնի պետ Ժասմինա Մաշուրյանը: Բանախոսը հակիրճ տեղեկատվություն է ներկայացրել սովորողների առողջության վերաբերյալ՝ հղում անելով միջազգային հետազոտական որոշակի տվյալներին: Անդրադառնալով նորմատիվ ակտերին՝ նշվել են մի շարք խնդրահարույց պահանջներ, որոնք առնչվում են դասագրքերի և դպրոցական պայուսակների քաշին, տնային առաջադրանքներին հատկացվող ժամանակահատվածին, դասացուցակներին, դպրոցական սննդին, դասասենյակների մակերեսին: Առանձին անդրադարձ է արվել դասապրոցեսի ընթացքում ՏՀՏ-ի կիրառման նորմատիվներին, նշվել է, որ առաջին դասարանում դասի ժամանակ 10 րոպեից ավելի համակարգչի կիրառումը ընդունելի չէ: Թվարկվել են դպրոցական սննդի թույլատրելի տեսակները և դրա կազմակերպման և վերահսկողության նորմատիվային պահանջները: Առանձնակի շեշտվել է տնային առաջադրանքների ծավալը և ծանրաբեռնվածությունը, որը ևս դիտարկվում է սովորողի առողջությանը վնասող գործոն:
Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի կազմակերպած սեմինար- քննարկումները լինելու են շարունակական: Հաջորդ քննարկումը նվիրված է լինելու ուսումնական գործընթացում ՏՀՏ գործիքների կիրառման խնդրին: