կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-26 11:01
Քաղաքական

Մենք վերացրել ենք չորրորդ նախագահ ունենալու վտանգը. Արմեն Ռուստամյան

Մենք վերացրել ենք չորրորդ նախագահ ունենալու վտանգը. Արմեն Ռուստամյան

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը Արարատի մարզի Ղուկասավան, Նորամարգ, Այնթափ և Տափերական համայնքներում հանդիպեց ընտրողներին և նրանց ներկայացրեց Դաշնակցության ծրագիրը: 

Այս ընտրություններին Դաշնակցությունը շատ երկար է նախապատրաստվել՝ դիմելով ներկաներին նշեց Ռուստամյանը: «Մենք շատ երկար ճանապարհ ենք անցել, որ կարողանանք այս որակի լայնամասշտաբ, խորքային փոփոխություններ երկրում  իրականացնենք: Մենք գիտենք՝ ամեն տեղ կուտակված լուրջ խնիդրներ կան, բայց նաև գիտենք, որ եթե  չես կարողանում ճիշտ ախտորոշում տալ, թե որ պատճառներն են բերել այդ խնդիրներին,  այդ խնդիրները երբեք չեն լուծվի, ուստի պետք է կարողանաս վերացնել այդ խնդիրների ծնող պատճառները»,- ասաց նա:

Ըստ Ռուստամյանի՝ իրենք կարողացել են հասնել նրան, որ ընդունվեն խնդիրների լուծման համար առաջարկվող իրենց բոլոր դեղատոմսերը, ինչի համար էլ գնացել են իշխանությունների հետ համագործակցության:

«Դաշնակցությունը տարբերվում է մյուս բոլոր կուսակցություններից, որովհետև  իրական գաղափարների կուսակցություն է, այլ ոչ թե՝  անձի, անհատի հետ կապված»,- ասաց Ռուստամյանը, ապա հավելեց. «Մենք թշնամիներ չունենք մեր երկրում, բոլորի հետ էլ պատրաստ ենք համագործակցել հանուն մեր գաղափարների: Ընդդիմության մեջ քառյակի շրջանակներում նույն խնդիրները փորձում էինք լուծել, բայց չընդունեցին մեր ծրագրերը. մենք դուրս եկանք, մնաց եռյակ, հետո այդ եռյակը ևս տրոհվեց: Մենք մեր ծրագրերից ու մոտեցումներից չհրաժարվեցինք, շարունակեցինք դա պաշտպանել: Հայաստանում այնքան կուտակված խնդիրներ կան, որ այդպես շարունակել հնարավոր չէր, դա մենք կարողացանք նաև ապացուցել, համոզել այս օրվա իշխանություններին, որ օր առաջ եկեք ընդունեք այն դեղատոմսերը, այն մոտեցումները, որը Դաշնակցությունն է առաջարկում և նրանք համաձայնեցին»:

Ռուստամյանը նշեց, որ ապրիլի երկուսին նոր էջ ենք բացելու Հայաստանի համար: «Մենք այլևս ազատվելու ենք այն չարիքը ծնող համակարգից, որ առաջացրել է այս բոլոր խնդիրները, որն առաջացրել է մեր մեջ պառակտումներ. կան յուրայիններ և օտարներ մեր պետության մեջ: Յուրայինները նրանք են, որ այդ նախագահի աթոռի շուրջն են, դրանով պաշտպանված են, նախագահները փոխվում են, միայն այդ յուրայինների շրջանակն է փոխվում: Բոլորը այդ շրջանակի մեջ չեն  տեղավորվում և 80-90 տոկոսը, եթե ոչ ավել հայտնվում են այդ շրջանակից դուրս՝ բախտի քմահաճույքին և օտարված երկրից ու պետությունից: Այդ համակարգն էր, որ բերել էր դրան, այդ նախագահի աթոռն էր, որի վրա նստողը դառնում էր թագավոր, ամեն ինչ իրենով էր պայմանավորված, բոլոր խնդիրներն այդ մարդն էր լուծում և, բնականաբար դրանից բխում էին պառակտումները և այն բևեռացումը, որ երկրում սոցիալական առումով կա»,- ընդգծեց նա:

Ըստ Ռուստամյանի՝ այն ծրագիրն ու հայեցակարգը, որով իրենք Հայաստանը ուզում են դուրս բերել այս վիճակից փորձարկված է ամբողջ աշխարհում և առաջադեմ եվրոպական երկրների 70 տոկոսը այս համակարգով է ապրում:

«Մենք այն համակարգն ենք բերել, որ ոչ միայն հռչակվեն, գրվեն օրենքներ թղթի վրա, այլ այդ օրենքները գործելու գործիքներ, հնարավորություններ, մեխանիզմներ տեղծվեն: Դրա համար պետք է ազատվեինք այս մենիշխանությունից, մեկ մարդ չպետք է ղեկավարի երկիրը»,- շեշտեց նա, ապա հավելեց. «Մենք վերացրեցինք 4-րդ նախագահ ունենալու վտանգը, մենք այդ շղթան կտրել ենք, 2018 թվականին այս գործող նախագահի լիազորություններն ավարտվելու են և Հայաստանում այլևս գործող նախագահ չի լինելու: Լինելու է  խորհրդարանը, որին  հիմնադիրն  ենք մենք համարում»:

Ռուստամյանը շեշտեց, որ այս համակարգի մեջ չի լինելու մեկը, որ ունենա նույն լիազորություններն ինչն ունի այսօրվա գործող նախագահը և, որ օրենսդիրը նոր ֆունկցիաներ է ձեռք բերել, ինքը պետք է վարչապետին վերահսկի և, եթե հիմա ոչ  բոլորը կախված են նախագահից, ապա հիմա վարչապետն է կախված լինելու Ազգային ժողովից և պատգամավորներից: «Հայաստանն այդ վիճակում եղել է 90-91 թվականներին: Հենց այդպիսի պառլամենտն է գործել: Այն ժամանակ էլ մեծամասնություն ուներ ՀՀՇ-ն և ինչ որոշումներ ուզում էր անցկացներ, պարզվում էր չէր ստացվում, որովհետև այդ պատգամավորները, իրենց իրական արժեքը հասկանալով, ընդդիմանում էին իրենց իսկ մեծամասնությանը: Դրա համար էր, որ ՀՀՇ-ն տեսնելով, որ Գերագույն խորհուրդն իր համար գլխացավանք է, դրանից ազատվելու համար անցավ այս նախագահական համակարգին և 91 թվականից, երբ նախագահական աթոռը ստեղծվեց Հայաստանում, այդտեղից մեր խնդիրները սկսեցին»,- հայտարարեց նա:

Ռուստամյանի խոսքով իրենք պատմական շրջադարձ են անում և 1991 թվականին, որ երկիրը դրվեց սխալ ուղղությամբ, շտկում են: «Ես ձեզ վստահաբար ասում եմ, որ իշխանությունների վերարտադրման հնարավորությունը մենք ուղղակի վերացրել ենք, այսօր տեղամասերում խախտումները բացառված են, և ձեր ձայնը որևէ մեկը չի կեղծի: Տեղամասերից դուրս է մնացել, այդտեղ էլ ընտրողն ինքն է դարձել այդ ամենի քաջալերողը: Ընտրողների մի զգալի մասը փնտրում է, թե ով գումար կտա, որ ընտրեն, մենք պետք է նաև սրանից  ազատվենք»,- ասաց նա՝ հավելելով՝ մարդիկ դեռ չեն ընկալել, որ ունեն հնարավորություն իրենց քվեով փոխել այն իշխանությանը, որից դժգոհ են:

Ապա Ռուստամյանը կոչ արեց ընտրողներին, որ լավ ծանրութեթև անեն, թե ում են քվեարկելու: «Ես ձեզ կոչ եմ անում, քիչ է մնացել, ծանրութեթև արեք, շատ չէ ինը քաղաքական ուժեր են նայեք, տեսեք ովքեր են նպաստել իրոք նոր սկզբին: Մարդիկ խոսում են, որ փոփոխություններ կգան կանեն, փոփոխությունն արդեն արված է,  մնում է  գնանք իրականություն դարձնենք, մարդկանց համար տեսանելի դարձնենք այդ փոփոխությունները: Միակ կուսակցույթունը ՀՅԴ-ն է, թե՛ իշխանության, թե՛  ընդդիմության մեջ լինելով միևյնույն բանն է ասել և իր գիծը չի փոխել: Եղե՛ք Դաշնակցության հետ, որովհետև Դաշնակցությունը միշտ ձեզ հետ է եղել»,- ասաց նա, ապա հավելեց.  «Այս հիմնադիր խորհրդարանից շատ բան է կախված ուստի այն  պետք է որակ ունենա, դուք ձայն տվեք Դաշնակցությանը, որ սկսված փոփոխություններն ավելի արագ իրենց արդյունքներն ունենան»: