կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-24 21:25
Քաղաքական

Մենք պատրաստ ենք ծանր բեռի տակ մտնել. Արմեն Ռուստամյան

Մենք պատրաստ ենք ծանր բեռի տակ մտնել. Արմեն Ռուստամյան

Արդեն հայտնել ենք, որ այսօր նախագահի նստավայրում քաղաքական համագործակցության համաձայնագիր է ստորագրվել ՀՅԴ և ՀՀԿ քաղաքական ուժերի միջև: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ ակնկալիքներ ունի այդ համագործակցությունից: «Աշխատանքը ցույց կտա»,-ասաց նա:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից էլ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես են իրենց զգում իշխանության կարգավիճակում: «Լինի իշխանություն, թե իշխանությունից դուրս, ես ինձ նույն ձև եմ զգում՝ նորմալ»,-հայտնեց Ռուստամյանը: Նրա խոսքով, համաձայնագրում ամրագրվել են անցած բանակցությունների նպատակները, այն է՝ այս սահմանադրական կարգը կյանքի կոչել որքան հնարավոր է արագ, և այն ոգուն ու տառին համապատասխան, որը արդեն սահմանադրական փոփոխություններով նախատեսված է, իսկ դրանից բխում է մեծ աշխատանք` թե ներքին, թե արտաքին ոլորտում: Լրագրողների դիտարկմանը, որ այս պահից սկսած ՀՅԴ-ն ընդդիմություն չէ, Արմեն Ռուստամյանը պատասխանց. «Բնականաբար: Ինքնաբերաբար, քանի որ կառավարությունում անդամներ ունենք, ընդդիմություն չենք այլևս»: Հարցին, թե պատրա՞ստ են արդյոք պատասխանատվություն կրել, Ռուստամյանը պատասխանեց. «Այո\', մենք կրում ենք պատասխանատվություն` այս պահից սկսած, մենք պատրաստ ենք ծանր բեռի տակ մտնել, մենք դա գիտակցում ենք, բայց ուրիշ ճանապարհ չկա: Եթե այդ ծանր բեռը մեր ժողովրդի ուսերին է ծանրացած, ամեն մեկն էլ պարտավոր է այդ բեռի հետ կապված իր մասն ունենալ, որ այդ բեռը թեթևացնի»: