կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-12 13:02
Քաղաքական

Սահմանադրական փոփոխություններ են երկրում ընթանում, մենք երեք համայնք ուզում ենք խոշորացնել, իմա՞ստը. Արմեն Ռուստամյան

Սահմանադրական փոփոխություններ են երկրում ընթանում, մենք երեք համայնք ուզում ենք խոշորացնել, իմա՞ստը. Արմեն Ռուստամյան

Այսօր խորհրդարանական արտահերթ նիստում ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա անդրադարձավ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է համայնքների խոշորացում կատարել ՀՀ երեք մարզերում: Ներկայացնելով ՀՅԴ խմբակցության տեսակետը՝ նա հայտարարեց. «Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչո՞ւ քաղաքական այսքան կարևորագույն գործընթացներից այսքան կտրված, ժամանակից դուրս ինչ-որ նախագիծ է ներկայացվում: Ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունները նոր լուծումներ են առաջարկում բոլոր այն հարցերի հետ կապված, որ այստեղ բարձրացվում են: Մենք ունենալու են շատ անհասկանալի վիճակ՝ տարբեր կատեգորիաներում հայտնված համայնքներ»:

Ռուստամյանի խոսքով` սահմանադրական փոփոխություններից հետո մարզերում դարձյալ առաջանալու են այսպիսի խնդիրներ, բայց նոր Սահմանադրությունն այդ հարցին տալիս է ավելի լավ, ավելի նոր լուծումներ: «Մենք ինչո՞ւ ենք ուզում այս փոփոխությունն այսքան արագ իրականացնել: Այստեղ ներկայացվում է, որ հաշվի են առնվել հանրաքվեի արդյունքները: Հանրաքվեի արդյունքներն ընդհանրապես հաշվի առնված չեն, ավելին` 110 հոդվածի կոպիտ խախտմամբ է եղել: Սահմանադրության այս հոդվածն ասում է, որ պետք է կցված լինեն նաև հանրաքվեների արդյունքները, սակայն հանրաքվեի արդյունքներն այս փաստաթղթին կցված չեն: Իսկ ինչի՞ հիման վրա են ասվում, որ արդյունքները դրական են: Ո\'չ: Տեղական հանրաքվեի մասին 35-րդ հոդվածն ասում է, որ տեղական հանրաքվեի դրված հարցը կամ օրենքի նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկողների կեսից ավելին, բայց՝ ոչ պակաս, քան ցուցակներում ընդգրկված անձանց մեկ երրորդը: Հանե՞լ եք մեկ երրորդը: Մենք հանել ենք և ստացվել է հետևյալ պատկերը, որ Լոռու մարզում միայն Թումանյանն է ութ համայնքից, որն ապահովում է մեկ երրորդի պահանջը: Դուք վերցրել եք, ավտոմատ նայել եք, որ մեծամասնությունը կողմ է : Ո\'չ, պետք է նաև կողքի մասում գրեիք, որ ընդհանուր ցանկի մեկ երրորդն է»,- ասաց  պատգամավորը:

«Միայն Սյունիքում է անցել, էն էլ երկու համայնքում զրո է: Բայց մենք ունենք որոշակի կասկածներ, որ համայնքից գոնե մեկը կարող էր դեմ լիներ: Այս նախագիծն ուղեկցվում է Սահմանադրության կոպիտ խախտմամբ: Սահմանադրական փոփոխություններից հետո մենք բոլորովին նոր հիմքեր ենք ստեղծել թե\' տարածքային բաժանման, թե\' ՏԻՄ ընտրություններն իրականացնելու առումով»,- նշեց Ռուստամյանը:

Նրա խոսքով` կարելի է Երևանի մոդելը տարածել նաև մարզերում՝ շրջանային կառավարում լինի, ավագանի ձևավորվի, ավագանին իր միջից ընտրի համայնքապետ, այնուհետև` վարչական տարածքների ղեկավարներ նշանակվեն: «Եթե այս տրամաբանությամբ հարցին մոտենանք, անիմաստ է դառնում այս կցկտուր, թքած-կպցրած լուծումը, էն էլ, որ վերաբերում է միայն երեք մարզի: Նոր Սահմանադրության 189 հոդվածն ասում է, որ օրենքով կարող են ստեղծվել միջհամայնքային միավորներ, որոնք ունենալու են ՏԻՄ լիազորություններ: Առջևում ունենք շատ լուրջ, արմատական փոփոխություններ իրականացնելու, հայեցակարգված լուծում տալու հնարավորություն, բայց ոնց որ ոչ մի բան տեղի չի ունենում: Սահմանադրական փոփոխություններ են երկրում ընթանում, մենք բերել ենք՝ երեք համայնք ուզում ենք խոշորացնել, իմա՞ստը»,- հայտարարեց Ռուստամյանը:

Նա նշեց նաև, որ ՀՅԴ խմբակցությունը դեմ է լինելու այս մոտեցմանը, որովհետև ավելի ամբողջական է պատկերացնում հարցի լուծումը և առաջարկում է հետ տանել օրինագիծն ու շտկումներ անել: