Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ Բյուրո-ԳՄ ընդլայնված նիստում հստակ օրակարգ են ներկայացրել, գնահատական տվել մեկ տարվա գործունեությանը և նշել` ինչն է իրենց համար գոհացնող, ինչը` ոչ:
«Սա ներկայացրել ենք հրապարակային` մեր ժողովրդին: Պետք է ակնկալել, որ սրան կհետևեն համատեղ քննարկումներ, որովհետև հայտարարության մեջ մեր գործընկեր ՀՀԿ-ին կոչ ենք անում` քանի դեռ ժամանակ ունենք նոր համակարգի հիմնադրման մեկ տարին լրանալու, ճիշտ կլինի, որ ամբողջական կոալիցիան ևս հանդես գա կոալիցիոն հուշագրի գնահատմամբ»,- ասաց նա:
Ռուստամյանը նաև ընդգծեց, որ իրենք նշել են այն բացասական կետերը, որոնք թուլացնում են իրենց թափը: «Շատ լավ հասկանում ենք, որ դրական ակնկալիքները, որ պետք է անեինք, եթե տեմպերը չհամապատասխանեն մեր պատկերացրած բարեփոխումների խորությանը, մասշտաբային իրականությանը, ժողովրդի մոտ դրական ակնկալիքներ չեն ձևավորվի»,- նշեց նա, ապա հավելեց, որ իրենք հստակ ասել են` ինչին են կողմ, ինչից են դժգոհ:
Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգը հանելուն ուղղված` «Ծառուկյան» դաշինքի նախաձեռնությանը միանալուն, Ռուստամյանը նշեց, որ կցանկանար թարմացնել որոշ քաղաքական գործիչների հիշողությունը: «Ընտրական օրենսգրքի փոփոխության առաջամարտիկը միշտ եղել է Դաշնակցությունը: Մենք ենք միշտ խոսել համամասնական ընտրակարգի անցնելու խնդրի մասին, և սրանով էլ ձևավորվեց քառյակը և այլն: Մենք երբեք չենք հրաժարվել մեր մոտեցումներից, բայց, տուրք տալով նրան, որ պետք է, ի վերջո, ձևավորվի համախոհություն, երբ 4+4+4 ֆորմատով աշխատում էինք, ասացինք, որ մենք, հանուն համախոհության, համաձայն ենք այս տարբերակին, բայց ռեյտինգային այս ձևը, որ առաջարկվում է, մեզ համար անընդունելի է»,- ասաց նա:
Պատգամավորը նաև նշեց, որ միշտ են խոսել այդ մասին, և իրենց կոալիցիոն գործընկերոջ համար իրենց այս մոտեցումը զարմանալի չէ:
«Հիմա հարցը հետևյալին է վերաբերում` անցում կատարել ինչպիսի՞ կարգի, այստեղ է, որ խնդիրները տարբեր են»,- ասաց նա:
Ռուստամյանի խոսքով` կոալիցիոն հուշագրով էլ նախատեսված է, որ իրենք պետք է շարունակեն կատարելագործել ընտրական օրենսգիրքը, բարեփոխել այն: «Մենք այստեղ ունենք խնդիր մեր Հանրապետական գործընկերոջ հետ: Նրանք առայժմ այս ռեյտինգային համակարգը ուզում են պահպանել, մենք սրան դեմ ենք»,- հայտարարեց նա:
Ռուստամյանը նշեց, որ իրենք դեմ չեն ռեյտինգային ընտրակարգին, բայց դա չպետք է լինի այս ձևով: «Սա դասականից շեղում է համամասնական ընտրակարգը: Եթե ռեյտինգային տարբերակն է ընդունվում, ապա բաց ցուցակներով քվեարկությունն է ենթադրում ռեյտինգը, պետք է վերաբերի անձանց, ոչ թե տարածքների: Մեզ մոտ տեղի է ունենում հակառակը` սկզբից` տարածքների ռեյտինգավորում, հետո` մանդատների բաշխում` ըստ տարածքների ձեռք բերված ձայների, որն առաջացնում է այնպիսի անարդարություն, որն այսօր տեսանք»,- ասաց նա:
Պատգամավորն ընդգծեց, որ համամասնական ընտրակարգի երկու տարբերակ կա, և որ պետք է լիարժեք տեղավորվել այդ երկու տարբերակների մեջ: «Մենք էլի ռեյտինգին համաձայն ենք, բայց այդ ռեյտինգը պետք է որոշվի ամբողջ հանրապետությունով մեկ»,- ասաց նա:
Ռուստամյանը տեղեկացրեց, որ պետք է բերեն փոփոխությունների ամբողջական փաթեթ, և որ դրա վրա են աշխատում: «Միայն մեկ կետով պետք չէ այս հարցին անդրադառնալ, «գալչկայի» համար պետք չէ այս խնդիրը լուծել, մենք պետք է բերենք փոփոխությունների ամբողջական փաթեթ, դրա վրա ենք աշխատում, և մեր հանրապետական գործընկերներին էլ ներկայացնենք, որպես պահանջ, ընտրական օրենսգիրքը բարեփոխելու, որովհետև ինքնանպատակ պրոցես սկսելը, եթե գիտես տեղ չի հասնի, ոչ մեկին պետք չէ: Մենք պետք է իմանանք նախապես, որ այն գործընթացը, որ սկսել ենք, արժևորվելու է: Սա նշանակում է քննարկել, համաձայնեցնել, բանավիճել և հասնել ընդհանուր հայտարարի»,- եզրափակեց պատգամավորը: