կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-24 13:17
Քաղաքական

«Ծառուկյանը էս բեռի տակ է մտել, որովհետև պարտք ունի տալու իր ժողովրդին»

«Ծառուկյանը էս բեռի տակ է մտել, որովհետև պարտք ունի տալու իր ժողովրդին»

Այսօր «Ծառուկյան» դաշինքը քարոզարշավ էր իրականացնում Վեդիում: Դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ Արարատյան դաշտավայրի խնդիրներին` ասելով, որ գյուղացուն պետք է, որ վերամշակող գործարաններն աշխատեն: Նա խոսեց վարկային բեռի, բարձր տոկոսադրույքների մասին, որոնք մարդկանց սնանկացման են հասցնում:

«Վարկի տոկոսադրույքը պետք է լինի 2-5 տոկոս, որ մարդը չսնանկանա, չխորտակվի ու չկործանվի: Ես ոչ թե անգիր արած բաներ եմ ասում, այլ ինքնըստինքյան զրոյից աշխատած ու կայացած  մարդ եմ, գիտեմ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Նա անդրադարձավ Արարատյան դաշտավայրի ոռոգման ջրի խնդրին` ասելով, որ ջրի կորուստ է տեղի ունենում, և հարկավոր է այդ հարցը լուծել:

«Ես բաներ եմ ասում` իմ անունը չտալով, ասում են` պոպուլիզմով է զբաղված: Պոպուլիզմը ո՞րն ա, ես ասում եմ` քո աշխատող ուժին դրել, սնանկացնում ես, աշխատողդ արտագաղթում ա: Բոլորի տներն ու հողերը բանկի տակ են»,- ասաց Ծառուկյանը` հավելելով, որ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա սրտացավություն:

Ապա անդրադառնալով իր անձին` նա Վեդիի բնակիչներին ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իրեն ժողովուրդը խնդրում է փրկել: «Ծառուկյանը էս բեռի տակ է մտել, որովհետև պարտք ունի տալու իր ժողովրդին: Պարտքը դա ոչ թե բարեգործությունն է, այլ պայման-հնարավորությունը»,- ասաց նա:

Ծառուկյանը ստեղծված վիճակի համար մեղադրում է ժողովրդին, որովհետև «խաթր անելով» են ընտրություն կատարում: Նա նաև հիշեցրեց հանրահայտ դեպքերը, երբ ստիպված եղավ հեռանալ քաղաքականությունից: «Ես իմ համար էջը ծալել եմ ու հեռացել, զբաղվել եմ իմ գործերով, ավելի շատ եմ արել` իմ ժողովրդի հետ, իմ ժողովրդի կողքին: Բայց, տեսնելով, որ այդ բաց տեղը ոչ ոք չլրացրեց, վիճակն ավելի ծանրացավ»,- ասաց նա: