կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-12 18:30
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր ղեկավարը կամիկաձեի նման է գալու այս կապիտուլյացիայի բեռի տակ մտնի․ Արմեն Ռուստամյան

Հայ ժողովրդի արգանդը չի չորացել էլի, երբ որ ասում ենք՝ Նիկոլից բացի ո՞վ, մեզ փորձում ենք վիրավորել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուսատմյանը 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաք-երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում։

Նա վստահ է, որ այդ անունները կգտնվեն անպայման։

«Նախ՝ այս 17 կուսակցությունների խնդիրը չէ սա, խնդիրն այն է, որ այնքան կարևոր է այս պատմական հարցի լուծումը, որ բոլորն իրենց ամբիցիաները մի կողմ պիտի դնեն և համաձայնեն մի անձի շուրջ, որը կարող է մեզ այս վիճակից հանել։ Իսկ որ կարող ենք գտնել այդպիսի անձ, ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում»,-ասաց նա։

Ռուստամյանը արձանագրեց, որ այդ անձը ինքը կամիկաձեի նման գալու է այս բեռի տակ մտնի, դա այդքան էլ հեշտ բան չէ։

«Որ բոլորն ասում են՝ իշխանության են ձգտում, այս ավերած վիճակի վրա ո՞վ կձգտի իշխանության, դուք պատկերացնո՞ւմ եք այդ մարդու պատասխանատվությունը, որը լիակատար կապիտուլյացիայի պայմաններում պիտի գա և այս ամբողջ բեռը վերցնի։ Ասում է՝ «այս ավերակների վրա ի՞նչ թագավորեմ»»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Նրա համար ակնհայտ է, որ այս ռազմական դրությունը, որը պետք է ծառայեր պետությունը թշնամիներից պաշտպանելուն, այժմ մեր ժողովրդի մեջ քաղաքական հակառակորդների դեմ է օգտագործվում, քանի որ այնտեղ հողերն արդեն հանձնված են։

«Մարդը երբեք չի կարողանում իր սեփական սխալները բաց աչքով տեսնել։ Եթե իր սխալներն ես մատնացույց անում, ասում է՝ նախկիններն են մեղավոր, ընդդիմադիրներն են մեղավոր։ Այդ նախկինները հաղթանակն են ձեռք բերել, իսկ իրեն այդ հաղթանակը փոխանցելուց հետո մենք պարտություն ստացանք դառը։ Սա փաստ է, սրանից խուսափել հնարավոր չէ, որքան էլ ինքը փորձի իր ճամարտակությամբ խաբել, մոլորեցնել, իր սուտը առաջ տանել։ Չի՛ ստացվելու, որովհետև պատմական մեծ հարված ենք ստացել։ Տաք ենք հլա, չենք էլ զգում սրա հետևանքները ինչպիսին են լինելու, մեր պետական և ազգային ողնաշարին է մեծ հարված հասցվել»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

17 կուսակացությունների խնդիրը, նրա խոսքով, այն է, որ Նիկոլից հետո ստացած վիճակը գոնե կարողանան շտկել։ Թեև ստորագրված փաստաթուղթն արդեն կատարված փաստ է, բայց ստեղծված իրավիճակում պետք է մեր ազգային շահերը հնարավոր լինի լավագույնս պաշտպանել։

«Բայց հնարավոր չէ դա կատարել մի մարդու միջոցով, որն այդ շահերը ոտնահարել է։ Պետք է գան մարդիկ, որոնք որ այս մեղքի մեջ չեն, շահերի ոտնահարման մեջ չեն, այլ հավաքվելով, համախմբվելով, միասնական բռունցք լինելով՝ գնանք մեր ազգային շահերը ապահովենք»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահը։

Նա չհերքեց, որ ունենք մի համաձայնություն, որը կատարված փաստի առջև է բոլորիս կանգնեցրել։ Բայց ասաց, որ ունենք հնարավորություն այսօր այդ դաշտում աշխատել այնպես, որ կարողանանք հնարավոր առավելագույնը անել, որ մեր շահերը պաշտպանված լինեն։

«Բայց դա Նիկո՛լը չէ, որ կարող է անել, որովհետև Նիկոլն ինքն արդեն այդ շահերը ոտնահարել է։ Եվ ուրեմն, անհրաժեշտ պայմանը, որ կարողանանք լավագույնս օգտագործել մեր հնարավորությունները մեր շահերը պաշտպանելու իմաստով, այս վիճակի մեջ այնպիսի դերակատար բերել, ազգի, պետության այնպիսի մի ներկայացուցիչ, որը առավելագույնս կկարողանա իր ունակությունները, իր հնարավորությունները օգտագործելով՝ այս վիճակից ելքերը գտնել»,-ասաց Արմեն Ռուստամյանը։  

Նա նշեց, որ հիմա էլ են պնդում, որ մեր ազգային շահերը պետք է Ռուսաստանի հետ պաշտպանենք, որ Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ պետք է երկրի անվտանգությունը կարողանանք ապահովել։

«Միշտ էլ դա պնդել ենք, բայց լուծումը մենք պատկերացրել ենք փաթեթի մեջ, որը ենթադրում է, որ այդ ամենը մենք կատարելով՝ պետք է ստանանք այն կարգավիճակը, որին ձգտել ենք մինչև հիմա։ Եթե դու կորցրեցիր հարցը փաթեթով լուծելու հնարավորությունը, կորցնում ես քո՝ մի բան ստանալու հնարավորությունները։ Այս ստորագրությամբ մենք ոչինչ չենք ստացել»,-ասաց նա։

Արմեն Ռուստամյանի համոզմամբ՝ նոր իշխանությունները արցախյան հաղթանակի գինը չգիտեն, որովհետև այդ հաղթանակի մեջ մասնակցություն չունեն․ «Այո՛, ձեռք չբերողը հեշտությամբ կհրաժարվի»։

ՀՅԴ Բյուրոյի նախագահը վստահեցրեց, որ 17 կուսակցությունները մտադիր են իշխանափոխությանը հասնել խաղաղ, անցնցում եղանակով։

Նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ է ասում, որ սա վատ փաստաթուղթ է։

«Լավ, այս վատ փաստաթուղթը, որը դու ես ստորագրել, այն էլ մեր բոլորի թիկունքում, սա ուղղակի իշխանազանցության օրինակ է։ Այսօր բոլորին բանտարկում է, բայց հիմնական մեղավորը, որը պիտի բանտարկվեր, ինքն է։ Ինքնիրավչություն է արել, գերազանցել է իր իշխանությունը և այս ամենն անողը եկել՝ բանտերը լցրել է ընդդիմադիրներով հանրահավաք անելու համար, բա էդ իրեն ինչո՞ւ չեն բանտարկում։ Այն ժամանակ էլ արգելված բաներ կային՝ փակում էին փողոցները, մտնում էին Ռադիոտուն, բայց իրեն դա կարելի էր, որովհետև ինքը ժողովրդի մունետիկն էր, իսկ սա ժողովուրդ չէ՞, այս ժողովուրդը այդ ամեն ինչը սիրահոժար ընդունել է՞։ Դու ժողովրդին հարցրել ե՞ս՝ այս բաները ստորագրե՞ս, թե՞ չէ»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Նա եզրակացրեց, որ այսքան ժամանակ ապրել ենք ծուռ հայերիների աշխարհում, Նիկոլ Փաշինյանը ժողովրդին խաբել է, ու հիմա սովորել է դրան․ «Մի հատ լայվ կանի ու բոլորն այդ բաները կուլ կտան։ Այդ հարցը լուծեց, վե՛րջ, ինքն իրեն համոզեց, ուրեմն բոլորը պետք է ընդունեն իր համոզմունքը»։

Ռուստամյանը  հասկացել է, որ Փաշինյանը չի կարողանում ադեկվատ գնահատել իրավիճակը, նա Ղարաբաղի պատերազմը տեղափոխում է Հայաստան։

«Այս ոստիկաններն այսքան բրոնեժիլետով եկել, ստեղ կանգնել են։ Ես առաջին գծից մարդիկ ունեմ, որ առանց բրոնեժիլետի գնացել են Շուշին պաշտպանելու, վիրավորում են ստացել, միայն այն պատճառով, որ ոչ կասկա են ունեցել, ոչ բրոնեժիլետ»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը։

Աննա Բալյան