Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեեւ Մաքսային միությանը միանալու մասին` Սերժ Սարգսյանի մոսկովյան հանդիպումն իսկական շոկ է առաջացրել Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում, սակայն իրականում որևէ սենսացիա տեղի չի ունեցել. անցած վեց ամիսներին Հայաստանի իշխանությունները հետևողականորեն ուղիներ էին հարթում Ասոցացման և Խոր, համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) համաձայնագրերի վերջնական ստորագրումից հրաժարվելու համար:
Նախ` այս տարվա մարտին մի քանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շատ հստակ հայտարարեց. «Ինչպե՞ս մենք կարող ենք մեր ռազմական անվտանգության խնդիրները կապել ՀԱՊԿ-ի հետ, կապել Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ տնտեսական կամ քաղաքական մեր հետագա ճակատագիրը կապել մեկ այլ երկրի կամ մեկ այլ միության հետ՝ ի հաշիվ մյուսի»: Մոսկվայում Մաքսային միությանը միանալու որոշումը հիմնավորելիս ՀՀ նախագահը գրեթե նույնությամբ կրկնեց այս նախադասությունը: Հաջորդ ամիս արդեն կառավարությունը համագործակցության հուշագիր ստորագրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ: Այնուհետև` հունիսին, Լեհաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանի սահմանը ԵՄ մաքսային միության հետ մնում է փակի տակ այդ միության անդամ Թուրքիայի պատճառով: Նա պահանջեց ԵՄ-ից լիարժեք եւ հստակ գնահատական տալ դրա անընդունելիությանը: Ավելի ուշ` հուլիսի կեսերին, ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների երրորդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Մոլդովա կատարած աշխատանքային այցի ընթացքում Սերժ Սարգսյանն այս միտքը հասունացրեց գրեթե նախապայմանի: «Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը, որը ներկայումս բանակցվում է ԵՄ-ի հետ, ուժի մեջ մտնելուց հետո չի կարող լիարժեք գործել, եթե Հայաստան-Թուրքիա սահմանը մնա փակ, ինչպես ներկայումս: Մենք կարծում ենք, որ ԵՄ-ն պետք է լրջորեն անդրադառնա փակ սահմանների հարցին, քանզի դրանց առկայության պայմաններում ԵՄ Մաքսային միության հետ առեւտուրը չի կարող լինել արդյունավետ»,- ասաց նա, ինչից ակնհայտ դարձավ, որ Հայաստանը փորձում է վիլնյուսյան գագաթաժողովում համաձայնագրերը ստորագրելուց հրաժարվելու իր քայլը կառուցել այն իրողության վրա, որ ԵՄ-ն չի կարող ազդել Անկարայի վրա` բացելու Հայաստանի հետ սահմանները:
Գրեթե միաժամանակ պաշտոնական Երևանը շրջանառության մեջ դրեց համաձայնագրերից խուսափելուն ուղղված երկու նոր գաղափար: Նախ` շրջանառության մեջ դրվեց «կամ-կամի» փոխարեն «և, և»-ով առաջնորդվելու գաղափարը, թեև Երևանին թե' Բրյուսելից և թե' Մոսկվայից արդեն հասկացրել էին, որ դա հնարավոր չէ: Այնուհետև ակնարկներ հնչեցին այն մասին, թե Հայաստանը կարող է Վիլնյուսում նոյեմբերին ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, իսկ ԽՀԱԱԳ-ի մասով` հետաձգել` թերևս Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու հույսով պայմանավորված:
Այնպես որ` ոչ մի անակնկալ, ըստ էության, Սերժ Սարգսյանի որոշման մեջ չկար: Պարզապես մինչ այս թե' Հայաստանում հասարակական-քաղաքական շրջանակների և թե', հատկապես, ԵՄ-ի բանակցողների ու պաշտոնյաների կողմից այդ գործողություններն ընկալվում էին որպես Բրյուսելի և Մոսկվայի արանքում մանևրելուն և ժամանակ շահելուն ուղղված դիվանագիտական քայլեր, ուստիև թե' մեկը և թե' մյուսը խուսափում էին իշխանություններից ավելորդ պարզաբանումներ ստանալ, ճնշումներ գործադրել` այն հույսով, որ եթե Սերժ Սարգսյանը սկսել է այս գլոբալ խաղը, ուրեմն գիտի նաև ռուսների հետ լեզու գտնելու ձևը, հետևաբար` պետք չէ նրան խանգարել: Եվ անակնկալը հենց այն բանում էր, որ նա ոչ միայն չկարողացավ դուրս գալ Մոսկվայի հետ սկսված մուկնուկատվի խաղից, այլև, Եվրասիական տնտեսական միությանը ձևավորելուն անմիջականորեն մասնակցելու պատրաստակամություն հայտնելով, փաստորեն, վերջակետ դրեց եվրաինտեգրման բոլոր սպասելիքներին և հստակեցրեց, որ Հայաստանի արտաքին օրիենտացիան դեպի Ռուսաստանն է:
Հարց է առաջանում` եթե հնարավոր չէր գոնե հասկանալ, մոտավոր կանխատեսել` մինչև որտեղ կարող է Մոսկվան հասցնել իր շանտաժային քաղաքականությունը, մինչև ինչ աստիճանի կարող է սեղմել օղակը Հայաստանի կոկորդին գրեթե բոլոր` քաղաքական, տնտեսական, անվտանգության ուղղություններով, ինչպե՞ս կարելի էր առհասարակ սկսել այս պրոցեսը: Միակ բացատրությունն այն է, որ նա պարզապես չգիտեր, թե Եվրոպան ինչ գին է պահանջելու իր իշխանությունը 2008-2010թթ. լեգիտիմացնելու դիմաց և, պարզապես ինքնահոսի տրված, երկրում քաղաքական կայունությունն ապահովելու անհրաժեշտությունից դրդված, սկսեց կատարել ԵՄ-ի պահանջները ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում, որն, իրենից անկախ, պրոցեսը հասցրեց կոնկրետ փաստաթղթերի ստորագրման և դեմ առավ ռուսական` ի սկզբանե անհաղթահարելի պատին: Մանավանդ, որ ասիական տձև մտածողությունը և ապրելակերպը եվրաֆասադով ծածկելու, եվրոպացիներից ավելի եվրոպացի երևալու այս քաղաքականությունը 2012-13թթ. իդեալական կերպով ապահովեցին իշխանության վերարտադրությունը, այսինքն` էական բոնուսներ էին բերում Սերժ Սարգսյանի վարչակազմին: Արդյունքում կատարվեց գրեթե նույնը, ինչ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման ժամանակ, երբ պահանջատիրության, Ցեղասպանության ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողովի ստեղծման, Կարսի պայմանագրի վավերացման հետ կապված հսկայական զիջումներին գնալու փաստաթղթային ձևակերպում ստացած պարտավորություններ ստանձնելով հանդերձ` տապալվեց, այսպես կոչված, Հայաստանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը»: Պարզապես այն ժամանակ դա բխում էր Հայաստանի շահերից, իսկ հիմա իշխանության գերգաղտնի ու փաստացի միանձնյա գործողությունների պատճառով առհասարակ հնարավոր չէ հասկանալ` ի՞նչն է ընդհանրապես բխում Հայաստանի շահերից և որքանո՞վ է Մաքսային միությունը հեռանկարային ու ավելի շահեկան մեզ համար: Եվ ստացվում է, որ գործող իշխանությունը պարզապես իր լեգիտիմության զոհասեղանին շարունակ դնում է Հայաստանի միջազգային հեղինակությունը, արժանապատվությունը և ինչ-որ իմաստով նաև ինքնիշխանությունը:
Հիմա արդեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ նոյեմբերին Վիլնյուս մեկնելը դարձել է գրեթե անիմաստ: ԵՄ-ի կողմից Հայաստանին այդ համաձայնագրերը ստորագրելու հրավիրելը պայմանավորված էր նրան Ռուսաստանի ազդեցությունից գոնե մասամբ հանելու քաղաքական նկատառումով: Երբ Հայաստանն ասում է, թե իր համար նախընտրելին Եվրասիական տնտեսական միությունն է, այսինքն` նոր ԽՍՀՄ-ի վերականգնումը, Բրյուսելի համար այդ համաձայնագրերը ամբողջությամբ կորցնում են իրենց իմաստը: Նրանք Հայաստանից պարզաբանումներ, ինչ խոսք, կպահանջեն, սակայն դա ավելի շատ վերաբերմունքի արտահայտություն կլինի իրեն փաստացի «քցող» երկրի նկատմամբ, քան իրավիճակը հաղթահարելու, Հայաստանի դրության մեջ մտնելու փորձ: Եվ դժվար է ասել` որքան ռեսուրս, ժամանակ ու էներգիա է պետք գալու` գոնե մասամբ վստահելի պարտնյորի կարգավիճակ ձեռք բերելու համար: Գուցե դրա համար հիմա էլ իշխանությունները մի նո՞ր գլոբալ խաղ սկսեն...
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ