Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության 3-րդ մասնաշենքում տեղի ունեցավ Հայաստանի կոմունիստական կուսակցության 39-րդ համագումարը: Տասնյակ` 70 տարեկանն անց կոմունիստներ շատ ոգևորված էին եկել համագումարին: Ներկա էին ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Տաճատ Վարդապետյանն ու Հայկ Բաբուխանյանը, Հայաստանի «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահը նշեց, որ միշտ քննադատում են կոմունիստական կուսակցությանը, թե այնտեղ սերնդափոխություն տեղի չի ունենում, այնինչ` բազմաթիվ երիտասարդներ դիմել են կոմունիստական կուսակցությանը` անդամագրության խնդրանքով: Մի քանի երիտասարդների հանդիսավորությամբ հանձնեցին կոմկուսի կուսակցական մանդատներ:
Կոմունիստական կուսակցության համագումարը ողջունելու էին եկել մի խումբ պիոներներ, ովքեր կոմկուսին նվիրված բանաստեղծություններ արտասանեցին: Նշենք, որ պիոներների ողջույնը հուզեց ներկա գտնվող բոլոր տարեց կոմունիստներին: Նրանք տեղից բացականչում էին. «Ձեր վզկապներին ղուրբան», «Էհ, ինչ լավ էր ամեն ինչ այն ժամանակ, ո՞նց ամեն ինչ փչացրեցին»:
Թե' կոմկուսին նոր անդամագրված երիտասարդները, թե' պիոներները դահլիճում ներկա կոմունիստ տատիկ-պապիկների թոռնիկներն էին:
Կոմունիստ Բաբլո Գրիգորյանն ասում է. «Ուզում ենք սոցիալիզմ, անվճար կրթություն, բժշկություն և աշխատատեղ»: Նրա համոզմամբ` միանշանակ ճիշտ էր ԵՏՄ-ին անդամակցելը, որովհետև ԱՄՆ-ը խոսում է միաբևեռ ուժի դիրքից, ահա, թե ինչու պետք է միավորվել` այդ մարտահրավերներին դիմակայելու համար:
83-ամյա Շուրա Ղազարյանը Գյումրիից է, ասում է, որ 1952-ից կոմունիստ է, մինչև վերջ էլ հարազատ է մնալու կոմունիզմի գաղափարին` բարդու նման ուղիղ կանգնած, այլ ոչ թե ուռենու նման, որն օրորվում է ամեն քամուց:
«Շուտով մեր ժողովուրդը կզգա, որ սոցիալիզմի ժամանակ ուրիշ էր, հիմա ուրիշ է: Ես երկու ձեռքով կողմ եմ ԵՏՄ-ին, դա մեր անվտանգությունը կպահպանի ու մեր տնտեսությունը կզարգացնի: Մենք փոքր ենք, մեզ թև ու թիկունք է պետք, իսկ Ռուսաստանը մեր կողքին կանգած է»,- ասում է Շուրա Ղազարյանը:
Հարցին, թե առանց Ռուսաստանի չե՞նք կարող ապրել, պատասխանեց. «Ոչ թե չենք կարող ապրել, այլ չենք կարող զարգանալ»:
Մանրամասները` տեսանյութում: