| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր` կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ: Մարզային այցերի ընթացքում այդ խնդրի մասին բարձրաձայնվում է:
Ներկայումս բազմաբնակարան շենքերի գույքի շուրջ 60 տոկոսը կառավարվում է համատիրությունների կողմից, իսկ 30 տոկոսը` համայնքների ղեկավարների: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել մի շարք խնդիրներ բազմաբնակարանային շենքերի ֆոնդերի վերաբերյալ:
Հիմնական խնդիրը, ըստ վարչապետի, այդ ֆոնդերի ոչ արդյունավետ կառավարումն է, ինչը հանգեցնում է շենքային պայմանների, մասնավորապես` շենքերի տանիքների ոչ բարվոք վիճակի վերաբերյալ համաքաղաքացիների բազմաթիվ բողոքներին: Ստեղծված վիճակը, ըստ Կարապետյանի, պայմանավորված է ոչ միայն ոչ արդյունավետ կառավարմամբ, այնպես էլ օրենսդրական թերի կարգավորումներով:
Մարզպետներին հանձնարարվեց համայնքների ղեկավարների հետ երկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմին ներկայացնել տեղեկատվություն բազմաբնակարան շենքերի թվի, դրանց կառավարման ձևի /համատիրություն, լիազորագրային կառավարիչ, հավատարմագրային կառավարիչ/, գույքերի, տանիքների, մուտքերի դռների, աստիճանավանդակների փաստացի վիճակի վերաբերյալ:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել բազմաբնակարանային շենքերի կառավարման արդյունավետության բարձրացման, գույքի վերանորոգման, առկա խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություն:
Մեկնաբանելով այս հանձնարարականը` վարչապետը նշեց. «Մենք կայացած համատիրություններ չունենք, լայնամասշտաբ ծրագիր պետք է իրականացնենք: Շենքերի հետ կապված բոլոր խնդիրները պետք է լուծենք` հայտարարելով որ վերջին անգամ ենք լուծում, որից հետո համատիրությունը պետք է սկսի աշխատել: Այս ոլորտում պետք է շատ համարձակ բարեփոխումներ իրականացնել: Համատիրությունը կոլեկտիվ մարմին է, որտեղ, սակայն, ո'չ պատասխանատվություն կա, ո'չ էլ` արդյունավետ կառավարում: Դա ինչ-որ անհասկանալի մի բան է: Մենք պետք է ստեղծենք համատիրությունների կառավարիչների ինստիտուտը, պետք է բնակիչներին բացատրենք, թե ինչ դեպքում այդ ինստիտուտը կկայանա»: