կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-23 11:31
Տնտեսական

Խիստ կանոնակարգում կմտցվի Սևանա լճի ու հարակից տարածքների վարձակալողների համար

Խիստ կանոնակարգում կմտցվի Սևանա լճի ու հարակից տարածքների վարձակալողների համար

Այսօր` կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց Սևանա լճի և հարակից տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ: Ըստ վարչապետի` Սևանա լճի հարակից տարածքները ունեն ոչ միայն բնապահպանական, սոցիալ-տնտեսական նշանակություն, այլ նաև պարունակում են լուրջ տնտեսական ներուժ, հատկապես` զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Սակայն այդ տնտեսական ռեսուրսները ոչ միշտ են արդյունավետ օգտագործվում:

Վարչապետը հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին և գործադիրի բոլոր շահագրգիռ մարմիններին` երկամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմին ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի 2017-2018թթ. զարգացման ռազմավարությունը` հաշվի առնելով Սևանա լճի ու հարակից տարածքների բնապահպանական բացառիկ նշանակությունը:

Վարչապետը հանձնարարեց ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին` քննարկել և մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել «Սևան» ազգային պարկի տարածքում տնտեսական գործունեության իրականացման հատուկ կարգավիճակի վերաբերյալ առաջարկություններ` նախատեսելով գույքահարկով հարկման մեխանիզմների և հարկային քաղաքականության վերաբերյալ ճկուն մոտեցում:

Հանձնարարվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը` մեկամսյա ժամկետում ներկայացնել «Սևան» ազգային պարկի տարածքում զբոսաշրջության զարգացմանն ուղղված հատուկ ծրագիր և գործողությունների պլան:

Բնապահպանության նախարարին հանձնարարվեց երկամսյա ժամկետում մշակել ու ներկայացնել Սևանա լճում ձկնային ռեսուրսների վերականգնման և կայուն օգտագործման վերաբերյալ գործողությունների պլան` հատուկ ու հստակ ժամանակացույցով, չափելի արդյունքներով:

Գեղարքունիքի մարզպետին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում քաղաքաշինության պետական կոմիտեին ներկայացնել ներդրումային ծրագրերի իրականացման համար փաստացի տեղեկատվություն:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվեց երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություններ «Սևան» ազգային պարկի կենտրոնական գոտում ներդրումային ծրագրերի իրականացման համար:

Կարեն Կարապետյանը ցանկացավ մեկնաբանել այդ հանձնարարականը: Նրա խոսքով` Սևանա լճի ամբողջ տարածքը գույքագրվելու է, գոտիավորվելու: «Բազմաթիվ ակտիվներ կան, որոնք չեն աշխատում, հատուկ հարկային գոտի ենք ստեղծելու, որտեղ պրոգրեսիվ հարկերով դրդելու ենք ակտիվներ ունեցող մարդկանց, որ գործ անեն: Սևանի հանգստյան գոտու ժամկետը երկարաձգելու ենք: Վարձակալության տրվող տարածքները շահագործվում են` վարձակալողի քմահաճույքից ու ճաշակից ելնելով, այդ ամենը շատ խիստ պետք է կարգավորվի: Ես չգիտեմ` ով է ղեկավարում «Սևան» ազգային պարկը, պարզում եք` այդ բեռը նա իր վրա վերցնո՞ւմ է, թե՞ չէ: Եթե չի կարողանում, ապա առաջարկ եք ներկայացնում նոր տնօրենի վերաբերյալ: Պտտվել եմ ամբողջ տարածքով, մեծ ներուժ ունենք, որին լավ չենք վերաբերվում»,- ասաց վարչապետը: