կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-04 17:39
Քաղաքական

Առաջիկա օրերին ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունում հստակեցում կմտցվի

Առաջիկա օրերին ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունում հստակեցում կմտցվի

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը: Նա նշեց, որ համագործակցությունը լավ փուլում է, բայց դեռ պորտֆելների հարց չի քննարկվել, առաջիկա մի քանի օրերի ընթացքում բոլոր հարցերին պատասխաններ կտրվեն:

 Հարցին, թե ՀՀԿ առաջիկա նիստի ընթացքում հնարավո՞ր է որոշակիություն տրվի այդ հարցին, Բաղդասարյանը պատասխանեց, որ պետք չէ շտապել:

Դիտարկմանը, թե ՏԿԱԻՆ նախարարությունն անջատվելու է, և խոսվում է Արծվիկ Մինասյանի ու Դավիթ Լոքյանի թեկնածությունների մասին, նա արձագանքեց, որ առաջին անգամ է լսում այդ նախարարության անջատման մասին, ապա ասաց` խոսակցություններով չի առաջնորդվում, այլ միայն փաստերով:

Հարցին` նրանց տեսնո՞ւմ եք` որպես նախարար, պատասխանեց. «Ես բոլորի մեջ տեսնում եմ նրանց հնարավորությունները, ուժերը: Նրանք բավական կայացած մարդիկ են: Պարզապես պետք է քննարկվի այդ հարցը: Խոստանում եմ հետո մանրակրկիտ ասել`ով և ինչու»:

Հարցին` ինչի՞ շուրջ եք համագործակցում, եթե ոչ` պորտֆելների, ՀՀԿ-ականը պատասխանեց. «Ամբողջ կոալիցիայի իմաստը դա՞ պետք է լինի, ինձ համար դա ամենավերջնական խնդիրն է»:

Պատասխանելով հարցին, թե ԲՀԿ-ին ինչո՞ւ են լուսանցքում թողել, Բաղդասարյանը նշեց. «Մեր դռները բաց են բանակցությունների համար, մենք բոլորին ենք առաջարկել: Ի՞նչ է` գրավոր, հատուկ առաջա՞րկ են ուզում: Մենք ասում ենք` ով բանակցում է, մեր դռները բաց են, կարող են գալ, քննարկենք»:

«Դաշնակցությունն իր ոտքո՞վ է եկել» հարցին, ՀՀԿ-ականը պատասխանեց. «Դաշնակցությունն ուրիշի ոտքի կարիքն ունի՞: Մեր հորդորին արձագանքել է Դաշնակցությունը, և մենք բավական երկար քննարկումների մեջ ենք»:

Բաղդասարյանն անդրադարձավ նաև ՀՅԴ-ի հայտնի յոթ կետերին և ընդգծեց, որ իրենք նախապայմաններով չեն առաջնորդվում: «Մենք ունենք այն, ինչ ունենք: Իրենք հայտարարել են, որ չորս կետերը կատարված են, մնացածը ընթացքի մեջ են, պետք է սպասենք քաղաքական զարգացումներին: Այսօր որևէ մեկը չի կարող ենթադրել, թե մեկ կամ երկու տարի հետո ինչ կարող է լինել, ինչպիսին պետք է լինեն հայ-թուրքական հարաբերությունները, ինչպիսին պետք է լինի Ղարաբաղի խնդիրը»,- ասաց նա:

Հարցին, թե ՀՀԿ-ն չի՞ բացառում, որ կարող է ինչ-որ ժամանակ հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչվեն, Բաղդասարյանը պատասխանեց, որ քաղաքականության մեջ որևէ բան բացառել չի կարելի: