կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-27 12:50
Հասարակություն

Ոստիկանները պետք է զբաղվեն Վաղարշով` նա խզում է վարձակալողների հետ պայմանագրերը

Ոստիկանները պետք է զբաղվեն Վաղարշով` նա խզում է վարձակալողների հետ պայմանագրերը

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության խորհրդի անդամ Տիգրան Հովհաննիսյանն անդրադարձել է  ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի վարքագծին` ասելով, որ իրավապահները պետք է սկսեն զբաղվել այդ հարցով` հենվելով մամուլում տարածված տեսանյութերի վրա:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը տեսախցիկի ներկայությամբ ջարդել է իր տարածքը վարձակալած մարդկանց` ոսկե զարդերի վաճառքի սեղանները, որովհետև նրանցից ոմանք մասնակցել են կառավարության շենքի առջեւ տոնավաճառների աշխատողների անցկացրած բողոքի ցույցին:

 

Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ տոնավաճառների աշխատողների բողոքի ցույցը եղել է ինքնաբուխ, խաղաղ, իսկ Վաղարշ Աբրահամյանի արարքը վանդալիզմ էր:

 

«Ես ապշած եմ, որովհետև մարդկային երևակայությունից դուրս բան էր: Ես, նրան իմանալով, զարմացել եմ նրա այդ գործողության վրա, երևի ինչ-որ մի բան կա, երևի նրա վրա էլ են ճնշումներ իրականացնում, սա պետք է պարզել: Կան սեփականատերեր, բայց չկան ստրկատերեր: Այդ մարդիկ ձեր ստրուկը չեն, որ թույլ տաք կամ թույլ չտաք նրանց բողոքել կամ  պաշտպանել իրենց իրավունքները»,- ասաց նա` հավելելով, որ պետք է հանդիպեն Վաղարշ Աբրահամյանի հետ, որպեսզի հասկանան, թե ինչու էր նա այդպես վարվում:

 

Տիգրան Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ գուցե նախկին վարչապետի օրոք Վաղարշի հանդեպ պետական տեռորն էր պատճառը, որ նա այդպես է վարվել, քանի որ չի ցանկանում, որ իր հանդեպ նորից պետական տեռոր սկսվի:

 

Նա կոչ արեցին քաղաքական ուժերին, հասարակական  կազմակերպություններին, պատգամավորներին` հանդես գալ  դատապարտող հայտարարություններով, որպեսզի մարդիկ դուրս գան ստրկական վիճակից:

 

Միաժամանակ, Հովհաննիսյանը տարակուսանք հայտնեց, որ մինչ օրս որևէ քաղաքական ուժ կամ պատգամավոր չի դատապարտել ոսկու շուկայի տնօրենի արարքը: Նա նշեց, որ, իրեն հասած տեղեկություններով, ոսկու շուկայի տնօրենն այն մարդկանց, ովքեր մասնակցել են բողոքի ցույցին, ասել է, որ 15 օրից խզելու է նրանց հետ վարձակալության պայմանագրերը, և թող նրանք գնան, մտածեն իրենց ապագայի մասին:

 

«Կոչ եմ անում նաև բոլոր գործարարներին, որ նրանք չմիջամտեն  ՓՄՁ-ների գործողություններին, եթե նրանք ցանկանում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել, հակառակը` նրանք պետք է փորձեն հասկանալ ու սատարել ՓՄՁ-ներին»,- ասաց Հովհաննիսյանը: 

 

Նրա խոսքով` ողջունելի է կառավարության քայլը, որ ցանկանում է շրջանառության հարկը նվազեցնել 3,5 տոկոսից մինչև 1 տոկոս, բայց եթե հարյուրավոր մարդիկ բողոքում են, ուրեմն խնդիր կա` «հո հիմար չե՞ն, որ դուրս գան լավ բանի դեմ պայքարելու»: Եվ խնդիրն այն է, որ պարտադիր փաստաթղթավորում է մտցվում, իսկ խոշոր գործարարները  չեն տրամադրում փաստաթուղթ:

 

Կարևորվեց նաեւ արհմիություններ ունենալու փաստը, որովհետև միայն արհմիությունների միջոցով է հնարավոր պաշտպանել աշխատողների իրավունքները գործատուների և տնօրենների կամայականություններից:

 

Նշենք, որ տոնավաճառների աշխատողները բողոքի ցույց են անցկացնելու սեպտեմբերի 29-ին ԱԺ-ի մոտ: