Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, բնապահապանության նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեկտեմբերի 20-ից Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացնում են համատեղ հատուկ միջոցառումներ:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ մինչ միջոցառումների մեկնարկը նշված գերատեսչությունների պատասխանատուները հանդիպումներ են ունեցել Սևանա լճի շրջակա քաղաքների, համայնքների ղեկավարների ու ձկնորսների հետ:
Նրանց պարզաբանվել է միջոցառման նպատակն ու իրականացվելիք գործողությունները: Իսկ նպատակը մեկն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ կապված ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածի հետ:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա բաժինների՝ Սևանի, Վարդենիսի, Գավառի, Ճամբարակի և Մարտունու բաժինների ծառայողները 24 ժամ իրականացնում են ուժեղացված ծառայություն:
Խիստ հսկողություն է սահմանված Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, տեղակայված են հսկիչ կետեր:
«Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվել լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ: Արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ:
Բացի այս ոստիկաններն իրականացնում են նաև Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում:
Ճանապարհներին հատուկ ռեժիմով ծառայություն են իրականացնում ճանապարհային ոստիկանները: Հսկիչ կետերում նրանք, ոստիկանության տարածքային բաժինների ու Սևան ազգային պարկի աշխատակիցների հետ կանգնեցնում են կասկածելի մեքենաները և ստուգում:
Ծառայությունը հաճախ ստուգվում է նաև ղեկավարության կողմից: Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածի հետ կապված հատուկ միջոցառումները կշարունակվեն մինչև հունվարի 20-ը:
«Եվս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր ձկնորսներին՝ դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը Սևանա լճում չզբաղվել ձկնորսությամբ: Բոլոր օրինախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ: