Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Euronews հեռուստաալիքը հրապարակել է The Armenian land of Venice հոդվածը Եվրոպայում հայերի ներկայության մասին՝ որպես օրինակ բերելով Վենետիկի «հայկական» Սուրբ Ղազար կղզում գտնվող հայկական միաբանությունը:
Նշվում է, որ այդ հրաշալի անկյունն Իզոլա դի Սան Լացցարո դելի Արմենի (Isola di San Lazzaro degli Armeni) կամ Սուրբ Ղազար կղզին է։
Հայերի ներկայությունը Եվրոպայում տարածվում է Լոնդոնից մինչև Լարնակա, Լիսաբոնից մինչև Լվով։ Մխիթարյան միաբանությունն այդ ժառանգության առավել վառ օրինակներից է։ 2017-ին կլրանա Եվրոպայի խորհրդանիշներից մեկը հանդիսացող քաղաքում մխիթարյանների ներկայության 300 տարին, գրում է «Նովոստի Արմենիան»` «Euronews»-ի վրա հղումով։
Կղզին մխիթարյանների տունը դարձավ, երբ ականավոր գրող ու թարգմանիչ Մխիթարը իր հետնորդների հետ 1717-ին հեռացավ Կիլիկիայից՝ փախչելով օսմանների հետապնդումներից: Նա Վենետիկ տեղափոխվեց և նոր վանք հիմնեց: Վենետիկում Մխիթարին հաջողվեց մի փոքր կղզի նվեր ստանալ, որտեղ էլ նա իր հետնորդների հետ միասին վերականգնեց հայկական եկեղեցու ավերակներն ու վանք կառուցեց, որը ժամանակի ընթացքում դարձավ հայ մշակույթի կենտրոններից մեկը: Մխիթարի ստեղծած միաբանությունը կրում է Մխիթարյան անվանումը։ Մխիթարյանականները մեծ դեր խաղացին հայ բանասիրության և եկեղեցական գրականության զարգացման մեջ։
«Դարեր շարունակ մխիթարյանները մեծ ազդեցություն են ունեցել Եվրոպայում գիտության և տպագրության զարգացման վրա: Նրանց գործունեությունը մեծ նշանակություն է ունեցել հայ ազգի համար: Մասնավորապես, նրանք շատ բան են արել հայոց լեզվի և հայ ինքնության զարգացման համար: Հենց մխիթարյաններն են առաջինը հրապարակել հայոց լեզվի արդիական բառարաններ: Մինչ օրս նրանց հիմնած վանքում հայալեզու գրքեր են հրատարակվում, առնվազն տարեկան մեկ այդպիսի գիրք»,-նշել է ռեպորտաժի հեղինակ Նարեկ Սեֆերյանը»:
Հոդվածում մեջբերվում է հայր Սերոբ Ջամուրլյանի խոսքը, որը նշել է, որ մխիթարյանների միաբանությունը միշտ հայկական աշխարհը Եվրոպային կապող կամուրջ է եղել գիտության և հոգևորականության առումով, ինչպես նաև կամուրջ Արևելքի և Արևմուտքի ունիվերսալ մարդկային արժեքների միջև: