կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-10 20:43
Առանց Կատեգորիա

Անբարոյականության լարախաղացները

Անբարոյականության լարախաղացները

Ի սկզբանե ակնհայտ էր, որ Ղարաբաղյան հիմնահարցը և անվտանգության ապահովման խնդիրը դառնալու էին նախընտրական հիմնական լեյտմոտիվային թեմաները: Սակայն այն, ինչ տուրք տալով պոպուլիզմին և մանիպուլյացիաներին, ընտրարշավում ներգրավված ուժերից ու անհատներից որոշներն անում են այդ օրակարգի շրջանակում, մեղմ ասած,  անբարոյականություն է:

Մարդիկ նողկանքով տեսան, թե ինչպես է Երևանի թիվ 1 ընտրատարածում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված ԴԱՀԿ նախկին պետ, հայտնի օֆշորային սկանդալի հերոս Միհրան Պողոսյանը թույլ տալիս, որպեսզի ապրիլյան պատերազմում զոհված Բագրատ Ալեքսանյանի մայրն ամբիոնից իրեն շնորհակալություն հայտնի ցուցաբերած նյութական աջակցության համար: Մարդը, ով օգտագործելով կնոջ խոցելիությունը, հերոսի ընտանիքին արած օգնությունը դարձրել է «թամաշայի» առարկա ու դրա վրա փորձում է քաղաքական դիվիդենդներ շահել, կա'մ իսկապես ադեկվատ չէ, կա'մ կորցրել է թույլատրելիի ու անթույլատրելիի սահմանները ճանաչելու, ամոթի զգացումը:

Բայց Պողոսյանն ընդամենը այսբերգի երևացող, ավելի ճիշտ` ճչացող մասն է. այն իր մեջ խտացրել է ընտրարշավի համար որոշ շրջանակների կողմից ընտրված՝ ապրիլյան պատերազմն ու դրա սոցիալ-հոգեբանական հետևանքները շահարկման առարկա դարձնելու մեթոդաբանության ստորությունը` իր ողջ պերճանքով ու թշվառությամբ: Այսինքն` պողոսյանական այս վարքագիծը ոչ թե պատճառ է, այլ հետևանք:

«Հայկական վերածնունդ»  կուսակցությունը քարոզչական լոզունգ է դարձրել «18 տարեկանը սահմանին չպետք է կանգնի» գաղափարը: Պարզ է՝ նպատակը, պատերազմի մարդկային ու ծնողական վախերի վրա խաղալով, ներկա ու ապագա ժամկետային զինծառայողների ընտանիքներից ձայներ գողանալն է: Այդ նպատակն ունեն նաև բոլոր այն ուժերը, որոնք արագորեն պրոֆեսիոնալ բանակի անցնելու մասին են խոսում՝ առանց բավարար մասնագիտական հիմնավորումներ ներկայացնելու: Նման հայտարարություններն ընդամենը շարքային պոպուլիզմ են թեկուզ այն պատճառով, որ պրոֆեսիոնալ բանակի անցնելու խնդրի շուրջ հանրային բանավեճ, օրակարգ չեն ձևավորում: Դրա մասին նրանք ընդամենը խոսում են, որովհետև  Հայաստանի անվտանգության ներկայիս մարտահրավերների համատեքստում լավ է հնչում:

Բայց 18 տարեկանների՝ սահմանին չկանգնելու պնդման մեջ ցինիզմ կա: Ցինիզմ այն ծնողների, մայրերի ու երեխաների նկատմամբ, ովքեր սպասում են սահմանին որպես պայմանագրային զինծառայողներ կանգնած իրենց որդիներին, ամուսիններին կամ հայրերին: Նրանցից ոմանք, ի դեպ, ցավոք, նաև տուն չեն վերադառնում: Թվում է, թե պարբերաբար սահմանին զոհերի մասին գույժերը պետք է մարդկայնորեն ստիպեին չմոտենալ այս թեմային, մոտենալու դեպքում՝ գոնե առավելագույնը խոսել միայն պատճառները վերացնելու, նվազեցնելու մասին: Բայց մարդիկ անցնել են նաև այս սահմանը:

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, օրինակ, այս տենդենցից ետ չմնալով, որոշել է յուրովի խաղադրույք կատարել մարդկանց՝ պատերազմի սպասումից ունեցած երկյուղի վրա: Այս դաշինքը, ինչպեսև խոստացել էր, քարոզարշավը կառուցում է,  այսպես կոչված, «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսի վրա: Նպատակը, իբր, փոխզիջումների գնալու անհրաժեշտությունը ներքաղաքական ու ներհասարակական օրակարգի ամենահրատապ խնդիրը դարձնելն էր: Թվում է, թե միայն ՀԱԿ-ի ու ՀԺԿ-ի խնդիրն է՝ ինչ ռազմավարությամբ կառուցել սեփական քարոզարշավը: Դրանից օգտվողն էլ, տուժողն էլ իրենք են: Բայց ընտրարշավի ընթացքը ցույց է տալիս, որ նրանք ոչ թե քարոզչություն են իրականացնում, այլ դիմում են մանիպուլյացիաների՝ ձեռքի հետ մրցակից քաղաքական ուժերի նկատմամբ տանելով բացահայտ հակաքարոզչություն:

ՀԱԿ-ականները համառորեն փորձում են տպավորություն ստեղծել, թե, իրենցից բացի, ոչ ոք խաղաղություն չի ցանկանում, քանի որ մյուսները փոխզիջումների կողմակից չեն: Հետևաբար` բոլոր նրանք, ովքեր կողմնակից չեն այս պահին Ղարաբաղյան հարցում տարածքային զիջումների, երկիրը տանում են պատերազմի և ազգային դավաճաններ են: Ընդ որում` պատերազմի վերսկսման հնարավորության մեջ մեղադրանքների ամբողջ ծանրությունը դնում են բացառապես հայաստանյան քաղաքական լանդշաֆտի վրա՝ անտեսելով Ադրբեջանի մաքսիմալիստական պահանջները, սահմանին նրա պարտադրած կիսապատերազմական վիճակը և փաստը, որ հրադադարի ռեժիմի ուժեղացմանն ուղղված մեխանիզմներ գործարկելու` միջնորդների առաջարկությունները վիժեցնում է հենց Ադրբեջանը: ՀԱԿ-ը ոչ միայն հնարավոր պատերազմի պատասխանատվությունն է դնում հայկական կողմի վրա, «խաղաղություն» և «զիջում» հասկացություններն է նույնացնում՝ մնացած բոլոր տարբերակները նույն տրամաբանությամբ նույնացնելով պատերազմի հետ, այլև փաստացի պատերազմի յուրատեսակ շանտաժի ու խուճապի է մատնում հասարակությանը:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական ուժերն ու պատգամավորության թեկնածուներն անարգել խաղում են մարդկանց ամենանուրբ նյարդային լարերի, ամենանվիրական զգացումների, ապրումների և վախերի վրա՝ դրանք դարձնելով քարոզչական մանրադրամ:

Գևորգ Դարբինյան